ՊԵԿ-ի կայքում արդեն հասանելի է մեքենաների հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի տեղեկատվությունը

ՊԵԿ-ի կայքում արդեն հասանելի է մեքենաների հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի տեղեկատվությունը

16:45 10 Հնվ, 2018

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ՝ 2018 թվականի հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում հրապարակվել է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ ՊԵԿ սակագնային կարգավորման եւ հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանի, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՏՄ Մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային արժեքը, հոդվածով սահմանված դեպքերում, որոշվում է մաքսային մարմինների կողմից՝ իրենց տրամադրության տակ եղած նույնանման ապրանքների վերաբերյալ գնային տեղեկատվության հիման վրա:

«Մաքսային արժեքների մշակման ընթացքում, որպես գնային տեղեկատվություն, մաքսային մարմինների կողմից 267-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, օգտագործվել են մաքսային մարմինների տրամադրության տակ եղած ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների տեղեկատվական բազան, ինչպես նաեւ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգները եւ էլեկտրոնային կայքերը»,-ասել է Տիգրան Մինասյանը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ եւս մեկ քայլ: «Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի որոշման նկատմամբ հետաքրքրությունը: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի»,- ընդգծել է Տիգրան Մինասյանը:

Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետեւյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Տեղեկատվություն ԱՏԳ մասնակիցների համար», «Տեղեկատվություն ավտոտրանսպորտային միջոցների արժեքների վերաբերյալ»: Տիգրան Մինասյանի հավաստմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվում է. անհրաժեշտության դեպքում այն կվերանայվի եւ կթարմացվի:

loading...