Հստակեցվել է, թե որ դեպքում են զինծառայողին արձակուրդ տրամադրելու

Հստակեցվել է, թե որ դեպքում են զինծառայողին արձակուրդ տրամադրելու

17:10 14 Նյմ, 2017

Ազգային ժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հաշվի առնելով նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը` հիմնական զեկուցող` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը թվեց օրենքում առկա նորամուծությունները, որոնք, ըստ նրա, նպատակ ունեն լուծել տարիների ընթացքում կուտակված տարբեր խնդիրներ: Նա հիշեցրեց, որ առաջարկվող նախագծով` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից հանվել է գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունքը: Սակայն մինչ օրենքի` ուժի մեջ մտնելը ասպիրատուրայում տարկետում ստացած անձանց համար պահպանվելու է նշված իրավունքը մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:

Զաքարյանը տեղեկացրեց, որ տարկետման հիմքերից հանվել է ուսումը շարունակելու իրավունքը, որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետում ստանալու իրավունքով:

«Թափանցիկության, արդարության ապահովման նպատակով ծավալուն փոփոխություններ են նախատեսված զորակոչի ենթակա անձանց և զինծառայողների առողջական վիճակի հետազոտման ու բժշկական փորձաքննության գործընթացում: Փորձաքննության և հետազոտման կարգերը, զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ առաջացնող հիվանդությունների ցանկն այսուհետ սահմանվելու է կառավարության որոշմամբ՝ ներկայումս գործող` նախարարի հրամանով հաստատված կարգի փոխարեն»,- ասաց նա:

Նախատեսվող փոփոխությամբ՝ հստակեցվել են զորակոչի կազմակերպման ընթացքում զինվորական կոմիսարների իրավասությունները և այլն: Ամրագրվել են «Ես եմ» ծրագրի իրականացման հիմնական չափանիշները դրանց շրջանակներում զինվորական ծառայության հետ կապված ընթացակարգերը:

Բացի այդ` հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներին պաշտոնի նշանակելու, զինվորական կոչում շնորհելու կարգերը, արձակուրդ տրամադրելու դեպքերը և բուժման մեջ գտնվելու ժամկետները:

loading...