Բագրատաշենում կուտակումների պատճառ դարձած ավտոմատ համակարգի խնդիրները շտկվել են. ՊԵԿ

Բագրատաշենում կուտակումների պատճառ դարձած ավտոմատ համակարգի խնդիրները շտկվել են. ՊԵԿ

13:02 14 Նյմ, 2017

Բագրատաշենի մաքսային անցակետում ավտոմատ համակարգի խնդիրները, որոնք հանգեցրել էին մեքենաների կուտակումների, շտկվել են:

Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Բագրատաշենի անցակետում տեխնիկական խնդիրներով պայմանավորված մեքենաների կուտակումների վերաբերյալ լրատվամիջոցների՝ նոյեմբերի 11-ի հրապարակումների առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ ՊԵԿ մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի որոշ ծառայությունների՝ նոյեմբեր 11-ին ժամը 15:00-ից երեք ժամով անհասանելիությունը պայմանավորված է եղել այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակման հանգույցների բնականոն աշխատանքի խափանմամբ։

Խափանումից անմիջապես հետո գործընկեր երկրների համապատասխան մարմինների հետ իրականացվել են համակարգերի բնականոն աշխատանքի վերականգնմանն ուղղված քայլեր։ Այդ ընթացքում մաքսային մարմիններին հանձնարարվել է կազմակերպել հնարավոր անհարմարությունների նվազեցման միջոցառումներ: Ինչ վերաբերում է «մեքենաների մուտքը հայկական կողմ արգելելուն» եւ «100-ավոր մեքենաների կուտակումներին», ապա հարկ է հստակեցնել, որ թեեւ ծրագրված աշխատանքները ժամանակավոր դանդաղեցրել են սահմանահատման գործընթացը, սակայն մեծ կուտակումների առաջացման մասին լուրերը չափազանցված են եւ չեն համապատասխանում իրականությանը: Վերականգնողական աշխատանքների արդյունքում բացահայտվել եւ վերացվել են խնդիրների պատճառները, իսկ ներկայում գործող համակարգերն ապահովում են առավել բարձր արտադրողականություն: Պատճառված անհանգստությունների համար կոմիտեն հայցում է քաղաքացիների ներողամտությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բագրատաշենի մաքսակետում տեխնիկական խնդիրների պատճառով մեքենաների կուտակում է  առաջացել: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշել էր, որ նոյեմբերի 11-ին, ժամը 14:30-ից ինքը մաքսակետում է եւ այդ պահի դրությամբ 100-ից ավելի մեքենաներ կան, որոնք գնալով շատանում են:

«Սերվերներն անջատվել են, մեքենաները, որոնք ներկրում են, չեն կարողանում գրանցել ու պատկերացնում եք ինչ է կատարվում, մեքենաները կուտակվել են, 5 ժամից ավելի է՝ չենք կարողանում այստեղից հեռանալ»,-ասել էր նա՝ հավելելով, որ քանի որ հայկական կողմում մեքենաների համար տեղ չկա, վրացական կողմին զգուշացվել է, որ մեքենաների մուտքը դեպի հայկական անցակետ արգելեն:

loading...