Սոցապնախարարությունը մշտադիտարկում է իրականացնում նպաստները վճարելիս խախտումները բացահայտելու համար. Ասատրյան

Սոցապնախարարությունը մշտադիտարկում է իրականացնում նպաստները վճարելիս խախտումները բացահայտելու համար. Ասատրյան

13:56 14 Նյմ, 2017

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշտադիտարկում է իրականացնում սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստներ վճարելիս խախտումները բացահայտելու համար, արձագանքում է յուրաքանչյուր  բողոքի։ Այս մասին նոյեմբերի 14-ին խորհրդարանում ասել է գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փքաշինյանի հարցին, թե ինչպես է նախարարությունը վերահսկում այդ պրոցեսը։

Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները բողոքում են, որ սոցիալական ծառայություններում կիրառվում է այսպես կոչված «ատկատի» սխեման՝ նպաստառու ընտանիքից պահանջելով 2-3 ամսվա նպաստը։

«Այո, մենք քաղաքացիներից նման ահազանգեր ստացել ենք։ Դրանցից յուրաքանչյուրով զբաղվել ենք, այցելել դեպքի վայր՝ ավելի ամբողջական տեղեկություն ստանալու համար։ Եթե բողոքները  հաստատվել են, մենք դրանք փոխանցել ենք իրավապահ մարմիններին։ Բայց որպես կանոն, քաղաքացիներն իրենք հետո չեն հաստատում իրենց գրավոր դիմումն այն մասին, որ իրենք կոնկրետ աշխատակցի հետ նման գումարային հարցեր են ունեցել։ Այս առումով մեր հնարավորությունները շատ սահմանափակ են»,– ասել է նախարարը։

Սակայն նախարարը նշեց, որ գործընթացի թափանցիկության համար գերատեսչությունում արդեն գործադրվել են բազմաթիվ տեղեկատվական համակարգեր, որոնք թույլ են տալիս օնլայն ռեժիմով դիմումներ ստանալ քաղաքացիներից, որպեսզի հնարավորինս կրճատեն քաղաքացու եւ սոցաշխատղների միջեւ շփումը։ 

Միաժամանակ նախարարը հավելեց, որ սոցիալական աշխատանքը ենթադրում է գնահատել դիմող քաղաքացիների անգործունակությունը, անցկացնել սոցիալ–հոգեբանական աշխատանքներ եւ խորհրդատվություններ, ուստի քաղաքացու եւ սոցաշխատողի միջեւ շփումը լիովին բացառել չի հաջողվի։

loading...