Ինչպես կարելի է խուսափել շաքարախտից

Ինչպես կարելի է խուսափել շաքարախտից

9:40 14 Նյմ, 2017

Այսօր աշխարհում նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1991 թվականից նշվող օրը խորհուրդ ունի բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ: Ի դեպ, նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով ինսուլինի ներարկման միջոցով փրկել է 14 տարեկան ծանր տիպի պատանեկան շաքարային դիաբետով երեխայի կյանքը և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:
Շաքարային դիաբետը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդության (ՈՎՀ) գլոբալ համաճարակ` հաշվի առնելով հիվանդության տարածվածության աշխարհագրական ընդլայնումը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5% և միտում ունի ավելանալու` հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում:
Հայաստանում ՈՎՀ-ի հիվանդացության, մահացության բուրգում շաքարային դիաբետը զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին և չարորակ նորագոյացություններին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: 2016 թվականին ՀՀ բնակչության շրջանում շաքարային դիաբետի` կյանքում առաջին անգամ ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը կազմել է 9146, պացիենտների ընդհանուր թիվը` 82671, որից 1-ին տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը 14350 է, իսկ 2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների թիվը` 68321: 
ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով ԱՀԿ և գործընկեր միջազգային այլ կազմակերպությունների որդեգրած քաղաքականությանը, շաքարային դիաբետի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, վերահսկումը, շարունակական հսկողությունը և բուժումը համարում է ոլորտի գերակա խնդիրներից մեկը: 
Առաջնորդվելով ԱՀԿ-ի «կանխարգելում կյանքի բոլոր էտապներում» սկզբունքով` ներկայումս, առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվում են առողջ ապրելակերպի քարոզչության, վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների դեմ պայքարի ծրագրեր:
«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում Հայաստանի բնակչության ռիսկային խմբերում (35-68 տարիքային խմբում) իրականացվում է զանգվածային սկրինինգ, որի բաղադրիչներից է նաև շաքարային դիաբետի հետազոտումը` ուղղված հիվանդության վաղ հայտնաբերմանը և վերահսկմանը: 2015 թվականի հունվարից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հետազոտվել է շուրջ 430 հազար քաղաքացի, որոնց 7.1%-ի մոտ հայտնաբերվել է արյան գլյուկոզի նորմից բարձր մակարդակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է նաև շաքարային դիաբետով պացիենտների դեղերով ապահովումը: Պետությունը 1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:
0-22 տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով 2015թ. մեկնարկել և շարունակվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում նրանց անվճար տրամադրվում են վերջին սերնդի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ-ներարկիչներ, արյան մեջ գլյուկոզի չափման համար նախատեսված չափիչ սարքեր և թեստ-երիզներ: 
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է նախ և առաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում և կենսաբանական գործոնների` ավելորդ քաշ և ճարպակալում, զարկերակային բարձր ճնշում, արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակ: Միևնույն ժամանակ, կարևոր է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և միշտ հիշել, որ շաքարային դիաբետը կառավարելի հիվանդություն է, և արհեստավարժ մոտեցման դեպքում հնարավոր է ապրել լիարժեք, ինչպես նաև կանխել հիվանդության հնարավոր բարդությունները:

loading...