Ծառայությունից խուսափելու համար վճարը կավելանա

Ծառայությունից խուսափելու համար վճարը կավելանա

10:40 11 Նյմ, 2017

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դրական եզրակացությամբ հաստատվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները։

Օրինագիծը հեղինակել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները։

Այս օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ևս մեկ անգամ երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը՝ թույլ տալով, որ արտերկրում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կարողանան Հայաստան վերադառնալ, օրենքով սահմանված գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել: Նկատենք, որ սահմանված նախորդ ժամկետը 2015 թվականի մայիսին էր:

Մյուս փոփոխությամբ առաջարկվում է բանակում ծառայելուց խուսափելու համար սահմանված վճարի չափը ներկայիս գործող 100 հազար դրամի փոխարեն վճարել 200 հազար դրամ։ Այսինքն՝ պարտադիր զինծառայութան չմեկնած քաղաքացին կարող է ներկայանալ և յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել երկու հարյուր հազար դրամ։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն առաջարկում էր այդ քաղաքացիների նկատմամբ խիստ լինել և յուրաքանչյուր զորակոչի դիմաց պահանջել 500 հազար դրամ։ Սակայն նիստին ներկա Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը որևէ դիտարկում կամ առարկություն չարեց։

Մինչև քվերակությունը նիստը վարող ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ արտահերթ նիստը նախաձեռնել են հանձնաժողովի չորս պատգամավորներ, ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն։ Նիստում այդ չորս պատգամավորները կոալիցիայի անդամ կուսակցությունների պատգամավորներն էին՝ ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, ՀՀԿ-ից Միհրան Պողոսյանը, Ալիկ Սարգսյանը և Ֆելիքս Ցոլակյանը։

loading...