Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Թուրքիայի վարչապետը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

21:00 10 Նյմ, 2017

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Սպիտակ տանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ:
Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են 2 երկրների միջև տեղի ունեցած վիզային ճգնաժամին, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանն ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող թեմաներ:
Հանդիպումից հետո Սպիտակ տնից արված առաջին պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ Փենսը Յըլդըրըմին իր մտահոգություններն է հայտնել արտակարգ դրության շրջանակներում Թուրքիայում կալանավորված ԱՄՆ-ի քաղաքացիների, հյուպատոսարանի աշխատակիցների, հասարակական գործիչների ու լրագրողների վիճակի վերաբերյալ: ԱՄՆ-ի փոխնախագահը պահանջել է նաև վերոնշյալ անձանց դեմ իրականացվող դատավարությունների թափանցիկության ապահովվում:
Նշվում է, որ կողմերը նշել են, որ Մերձավոր արևելքում կայունությունը և անվտանգությունը բխում են 2 երկրների շահերից՝ պայմանավորվելով այդ նպատակին հասնելու համար ակտիվացնել միջկառավարական երկխոսությունը:
Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Փենսն ու Յըլդըրըմը հույս են հայտնել, որ հանդիպումը թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր էջ կբացի՝ պայմանավորվելով կառուցողական երկխոսություն սկսել հարաբերություններում եղած անհարթությունները վերացնելու նպատակով:
Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը:

Աղբյուր` Ermenihaber.am

loading...