Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի եւ նրա որդիների հիշատակության օրը

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի եւ նրա որդիների հիշատակության օրը

12:20 30 Հկտ, 2017

Հայ եկեղեցին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշում է Սուրբ Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի եւ նրա որդիների հիշատակության օրը:

Qahana.am-ի փոխանցմամբ, Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը եւ Քրիստոսի խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս:

Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, եւ որպես վանական մտնում է Սբ. Սաբայի վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որ գտնվում էր պարսիկների իշխանության ներքո, մոգերի է հանդիպում եւ փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է:

Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձեւական հրաժարվի Քրիստոսից, բայց նա հրաժարվում է: Նրան տանում են Պարսկաստան եւ կտտանքների ենթարկելով գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ:

Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ. Պոլիս եւ Հռոմ:

Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում եւ բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, եւ Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:

Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակներով, որոնց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են եւ չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:

loading...