ԱԺ-ում այսօր մեկնարկում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

ԱԺ-ում այսօր մեկնարկում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները

10:00 30 Հկտ, 2017

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 30-ին մեկնարկում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Քննարկումը տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողվների համատեղ նիստում: Բյուջեի քննարկումները տեւելու են մինչեւ նոյեմբերի 14-ը: Նախագիծը կլինի նաեւ ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերում:

«2018 թվականի  ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստին հրավիրված են նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Նշենք, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ:

«Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3.2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարար Վարդան Արամյանը:

loading...