Մարդիկ իրենց շուրջն ավելի շատ են ԵՏՄ ապրանքներ տեսնում. Մեդվեդեւ

Մարդիկ իրենց շուրջն ավելի շատ են ԵՏՄ ապրանքներ տեսնում. Մեդվեդեւ

17:20 25 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբեր – 1lur.am  Մարդիկ իրենց շուրջն ավելի շատ են ապրանքներ տեսնում, որոնք արտադրվել են ԵՏՄ-ում: Հոկտեմբերի 25-ին այս մասին ասաց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով Հայաստանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստում:

Նա Հայաստանին շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար, իսկ բանավեճերը «արդյունավետ, տեղ-տեղ նույնիսկ հետաքրքիր» անվանեց: Նրա խոսքով՝  Միության շրջանակում ձեւավորվում է ծառայությունների, ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժման տարածք: Ինտեգրացիան երկխոսություն եւ փոխզիջումներ է պահանջում, միմյանց լսելու ունակություն եւ ցանկություն:

Ընդհանուր շուկան աստիճանաբար բացահայտում է իր հնարավորությունները: 2017 թվականի I կիսամյակում Եվրասիական միության ՀՆԱ-ն աճել է 1,8 տոկոսով: Աճել է տնեսությունը եւ առանց բացառության բոլոր 5 երկրներում: Միության ներսում ապրանքաշրջանառությունը գրեթե 28 տոկոս է, իսկ երրորդ երկրների հետ առեւտուրը՝ 26 տոկոս: «Մարդիկ տեսնում են, որ արտադրանքի տեսականին համալրվում է ԵՏՄ-ում արտադրվածով: Անհրաժեշտ է առաջ ընթանալ, ինչով էլ մենք այսօր զբաղվում ենք»,- հավելեց Մեդվեդեւը:

Սրան կօգնի նաեւ Եվրասիական Մաքսային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: «Այս փաստաթղթում հաշվի է առնվել մի շարք այլ միավորումների, ներառյալ Եվրամիության, ինտեգրացիոն փորձը: Փաստաթղթում սպառիչ շարադրված են սահմանով ապրանքների տեղափոխման կանոնները, վերացվում են մի շարք հակասություններ»,- հավելեց ՌԴ վարչապետը:

loading...