Կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է. Էմմա Ծառուկյան

Կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում  Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է. Էմմա Ծառուկյան

16:00 25 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբեր – 1lur.am  df.am-ը գրում է.  Կայացած, ինքնաբավ ու անկախ կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին:

 

Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ունենալ նաև ընտանիքից դուրս սեփական աշխարհը, ուր դրսևորվում և նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: 
Էմմա Ծառուկյանն այդ կանանցից մեկն է` երիտասարդ հայուհի, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը, և այսօր նրա ստեղծած Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի շնորհիվ` ՀՀ-ում ակնաբուժության ոլորտը զարգացման նոր փուլ է մտել:«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի գլխավոր հարցազրույցի շրջանակներում ներկայացնում ենք միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնի ղեկավար 

Էմմա Ծառուկյանին:

-Տիկի՛ն Ծառուկյան, Դուք ավարտել եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել ակնաբույժի որակավորում: Հետաքրքիր է իմանալ, ինչպե՞ս որոշեցիք ընտրել բժշկի` ակնաբույժի մասնագիտությունը:

-Մասնագիտությանս ընտրությունն ամենևին էլ պատահական չի եղել: Իհարկե, ի տարբերություն շատ ու շատ երիտասարդների, ովքեր դեռ մանկուց սիրել են բժշկի մասնագիտությունն ու երազել բժիշկ դառնալու մասին, ես նման երազանքներ չեմ ունեցել, այդ որոշմանը հանգել եմ առավել հասուն տարիքում` գիտակցելով բժշկի կոչման ողջ պատասխանատվությունը: Մասնագիտությանս ընտրության հիմքում եղել է ցանկությունը օգնել մարդկանց, և դա բնական է, քանի որ աչքիս առաջ մշտապես ունեցել եմ իմ ընտանիքի, մասնավորապես` հորս օրինակը, մերձավորին, ծանոթին ու անծանոթին օգնության ձեռք մեկնելու նրա անսահման ցանկությունը: Ինչպես նաև, ես մեր ընտանիքում մշտապես տեսել եմ այնպիսի փոխհարաբերություններ, որոնցում գերիշխողը մարդասիրությունն է եղել: Ու երևի թե սկզբում ենթագիտակցական, իսկ հետագայում արդեն գիտակցական մակարդակում իմ մեջ ձևավորվեց և ամրապնդվեց բժիշկ դառնալու ցանկությունը, որովհետև սա այն եզակի մասնագիտությունն է, որը թույլ է տալիս առավելագույնս օգնության ձեռք մեկնել մարդկանց, աջակցել չկորցնելու ամենաթանկը` առողջությունը:

 

Կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է` մի նախագիծ, որի իրականացման համար արել եմ առավելագույնը:

-Ի՞նչ հաջողություններ եք ունեցել աշխատանքում, ո՞րն եք համարում մասնագիտական Ձեր ամենակարևոր ձեռքբերումը: 

-Կարծում եմ` մասնագիտական կյանքում իմ կարևորագույն ձեռքբերումներն ու նվաճումները դեռ առջևում են, սակայն այսօր ևս ունեմ հաջողություններ, որոնցով ուրախանում եմ: Առաջին հերթին ինձ համար մեծ կարևորություն ունի այն հանգամանքը, որ կլինիկական օրդինատուրայի իմ ղեկավարն է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը, ինչը մի կողմից մեծ պատիվ է, մյուս կողմից` մեծագույն պատասխանատվություն ինձ համար: Ես իմ ունեցած բոլոր ձեռքբերումների, որպես վիրաբույժ` ինձ պատրաստելու, մասնագիտական խորը գիտելիքներ ու փորձ փոխանցելու համար խորապես շնորհակալ եմ իմ ղեկավարին ու ՀՀ-ում ակնաբուժության ոլորտի լավագույն մասնագետներին, որոնցից են Արմեն Վարդանյանը, Լիլիթ Ոսկանյանը, Աննա Հովակիմյանը, Գեորգի Գրիգորյանը: 
Եվ, ի վերջո, կյանքիս այս փուլում իմ ամենամեծ ձեռքբերումը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն է` մի նախագիծ, որի իրականացման համար արել եմ առավելագույնը և պետք է շարունակեմ աշխատել բաժնի զարգացման ու մատուցվող ակնաբուժական ծառայությունների կատարելագործման ուղղությամբ: 

 Բաժնում ներդրված են եվրոպական ամենահայտնի ընկերությունների

վերջին սերնդի լավագույն սարքավորումները, որոնք եզակի են մեր տարածաշրջանում:

-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման բաժին, ի՞նչ նորությամբ այն աչքի կընկնի հայաստանյան ակնաբուժական ծառայությունների շրջանում:

-Ես նախաձեռնեցի այս բաժնի ստեղծումը, որտեղ առկա են ակնաբուժության բնագավառի գերժամանակակից սարքավորումներ ու ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: 
Սարքավորումների ընտրության առումով ինձ մեծապես օգնել է պրոֆեսոր Ալ. Մալայանը, ում խորհրդով բաժնի համար ձեռք ենք բերել ամենաորակյալ և նորագույն սարքավորումները: Մենք աշխատում ենք եվրոպական ամենահայտնի ընկերությունների հետ, որոնցից շատերն այս ոլորտի առաջատարն են աշխարհում: Դրանցից են ճապոնական Tomey, Canon, իտալական Centerview, մեծ բրիտանական Killer ընկերությունները: Այսօր մենք բաժնում ունենք սարքավորումներ, որոնք եզակի են ամբողջ տարածաշրջանում: Դրանց առավելությունն այն է, որ թույլ են տալիս կատարել ակնագնդի ինչպես առաջային, այնպես էլ հետին հատվածի հետազոտություններ և ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը: 
Այդ ամենից զատ` ես ձգտել եմ մեր այցելուների համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց ընկճված չզգան, լիահույս լինեն, որ ամեն խնդիր հաղթահարելի է: 
Ավելացնեմ, որ մեր բաժին են այցելել արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետներ, որոնց օգնությամբ ես վերապատրաստվել եմ, իսկ այսօր անմիջական կապի մեջ եմ նրանց հետ աշխատանքային համագործակցության շրջանակներում: Եթե ունենում եմ հիվանդ, որի մոտ ախտորոշվում է հազվադեպ հանդիպող պաթոլոգիա, մենք առցանց քննարկում ենք այդ դեպքը և գտնում արդյունավետ բուժման ուղի: 

-Ի՞նչ ծառայություններ են գործում բաժնում: 

-Կոնսուլտատիվ ախտորոշման բաժնում կատարվում են ակնաբուժական բազմակողմանի և ճշգրիտ հետազոտություններ, ախտորոշում, բուժում, վիրահատություններ, ներակնային ներարկումներ, ակնոցների դուրսգրում: 

-Բացի Ձեր նորաստեղծ բաժնից` Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ո՞ր բաժանմունքներում եք աշխատում:

-Աշխատում եմ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Անոթային, ինչպես նաև Եղջերաթաղանթի և բորբոքային հիվանդությունների բաժանմունքներում: Կատարում եմ մի շարք վիրահատություններ, որոնց թվում են` կատարակտը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը, գլաուկոմայի, մսամոլի հեռացումը` պլաստիկ եղանակով: 

Կոնսուլտատիվ ախտորոշիչ բաժնում աշխատելուն զուգահեռ` շարունակելու եմ իմ գործունեությունը վերը նշված բաժանմունքներում` զարգացնելով վիրաբուժական հմտություններս, հարստացնելով գիտելիքներիս պաշարը:

 

 21-րդ դարում ժամանակակից բժշկությունը տեսողական խնդիրները լուծելու բավականին լայն

հնարավորություններ է ընձեռում, սակայն արդյունավետ բուժման կարևորագույն պայման է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելը:

 

-Ի տարբերություն այլ օրգանների` աչքերի դերը մարդու կյանքում առանձնահատուկ կարևորություն ունի. առանց տեսողության` մարդու կյանքի որակը կիսով չափ ընկնում է: Ի՞նչ հնարավորություններ կան այսօր ժամանակակից ակնաբուժության մեջ մարդու տեսողությունը պահպանելու, կուրությունը կանխելու համար: 

-Իհարկե, 21-րդ դարում ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու և զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում, կարևորագույն դերակատարումը վերապահված է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքին: Եթե անհատը շարունակաբար ուշադիր է և գանգատների հենց առաջին նախանշանների դեպքում դիմում է համապատասխան մասնագետի, ապա մեծ է հավանականությունը, որ կկատարվի անհրաժեշտ հետազոտություն, կտրվի ճիշտ ախտորոշում և կիրականացվի արդյունավետ բուժում: Այնպես որ, ևս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և ժամանակին դիմել մասնագետի: 

-Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք:

-Ծրագրերն ու ամենատարբեր նախաձեռնությունները բազմաթիվ են, սակայն այժմ կցանկանայի խոսել դրանցից մի քանիսի մասին: Իմ ծրագրերի մեծամասնությունը վերաբերում է Հայաստանում ակնաբուժության ոլորտի ծառայությունների կատարելագործմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակման ծրագրերի իրագործմանը: Այդ բոլոր ուղղություններով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակական են լինելու: Կարծում եմ` դրանցից յուրաքանչյուրի կենսագործման դեպքում մեր երկրում ակնաբուժությունը մեկ քայլ առաջ է գնալու, իսկ դրանից մեծապես շահելու է մեր ազգաբնակչությունը: 

 Երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում:

-Տիկի՛ն Ծառուկյան, մի փոքր էլ խոսենք Էմմա Ծառուկյան մարդ տեսակի մասին: Հետաքրքիր է, որպես կին` որքանո՞վ եք կարողանում նվիրվել մասնագիտությանը, համատեղել այն ընտանեկան պարտականությունների հետ, և արդյո՞ք ընտանիքը հասկանում և աջակցում է Ձեզ: 

-Իհարկե, պետք է նշեմ, որ իսկապես դժվար է լինել կին, մայր և միաժամանակ` նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն երբ սիրում ես մասնագիտությունդ, և երբ զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր և խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին ու ձգտելու առավելագույնին: 
Իմ ընտանիքը հասկանում և աջակցում է ինձ: Եթե չլիներ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը, թերևս ես չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նրանք կիսում են իմ ապրումները, ուրախություններն ու ձեռքբերումները: 
Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, ում ըմբռնումն ու սերը, աջակցելու պատրաստակամությունն ու ուժը մշտապես ինձ հետ են: Նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ` որպես մասնագետ: 

-Ամեն ինչ սկսվում է սիրուց… ի՞նչ տեղ ունի սերը Ձեր կյանքում, և ըստ Ձեզ` որքանո՞վ են սերը և գեղեցկությունը փոխկապակցված միմյանց: 

-Սերն իսկապես ամեն ինչի մեջ է. մեզ շրջապատող աշխարհի, մասնագիտության, ընտանիքի ու ընկերների: Այն, ինչ սիրում ես, գեղեցիկ է: Ժամանակի սղության, կենցաղի և առօրյա հոգսերի մեջ երբեմն անհետանում է անգամ փոքրիկ մանրուքների մեջ գեղեցիկը նկատելու, այն սիրելու ունակությունը, սակայն երբ մի պահ կանգ ես առնում և վերաարժևորում կյանքի իմաստը, հասկանում ես, որ երջանկությունը հենց այդ փոքրիկ մանրուքների մեջ է, որն էլ հենց սիրո ու գեղեցկության փոխկապակցումն է իմ կարծիքով: 

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ո՞րն է Ձեր ամենասիրելի զբաղմունքը, որի ժամանակ նաև հանգստանում եք: 

-Վստահաբար կարող եմ ասել, որ իմ ամենասիրելի զբաղմունքն իմ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է: Դա ինձ համար և՛ լավագույն ժամանցն է, և՛ հանգիստը: Շատ եմ սիրում կարդալ տարբեր հեղինակների գործեր, բայց աշխատանքի բերումով վերջին շրջանում կարդում եմ միայն մասնագիտական գրականություն: Լինելով առողջ ապրելակերպի կողմնակից` աշխատում եմ, անկախ ծանրաբեռնվածությունից, ժամանակ գտնել և մարզվել: 

Մանրամասները՝ այստեղ:

loading...