Հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել (լուսանկարներ)

Հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրվել (լուսանկարներ)

18:25 24 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր – 1lur.am Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցությանը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջև ստորագրվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության միջև ստորագրվել է Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջև մտադրությունների մասին արձանագրությունն ստորագրել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը:


 

loading...