«Հաղթանակ» կամրջի վրա մահվան ելքով վթարի գործով մեղադրանք է առաջադրվել վարորդին

«Հաղթանակ» կամրջի վրա մահվան ելքով վթարի գործով մեղադրանք է առաջադրվել վարորդին

20:40 12 Հկտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբեր – 1lur.am  ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  «Հաղթանակ» կամրջի վրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հանգամանքները, վարորդին առաջադրվել է մեղադրանք։

2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացել, որ  ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով մեկ անձ  մահացել է, երկուսը՝  ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ավտովթարի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս,  նկատել է իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ փողոցը հատող կենդանու եւ, խախտելով «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչեւ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փոխարեն՝  մեքենայի ղեկը կտրուկ ձախ ու աջ մանեւրելով՝ կորցրել է իր վարած տրանսպորտային միջոցի կառավարումը։ Արդյունքում՝ հարվածել ու կոտրել է կամուրջի պաշտպանիչ մետաղյա ճաղավանդակը եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներից մեկն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Քննությամբ պարզվել է, թե վթարի պահին ով է գտնվել ավտոմեքենայի ղեկին, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատամանրաթելային, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

loading...