Մեր պատմական անցյալը և մշակութային ժառանգությունը փորձում են նյութականացնել և յուրացնել. Աղասի Արաբյան

Մեր պատմական անցյալը և մշակութային ժառանգությունը փորձում են նյութականացնել և յուրացնել. Աղասի Արաբյան

19:00 13 Sep, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբեր — 1lur.am  6-րդ համահայկական ֆորումում «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանի ելույթի տեքստը.

«Հայ ժողովրդի ճակատագիրը, որը 1915-ից հետո հայտնվեց նոր իրողությունների պայմաններում` կապված աշխարհով մեկ նրա սփռվածությամբ, 1920-ից հետո ինքնուրույն պետականության բացակայությամբ, հետխորհրդային ժամանակաշրջանի անկայունությամբ,  պահանջում է ստեղծված իրավիճակի վերաիմաստավորում։ Ներկա իրողությունները պահանջում են վերաիմաստավորել փոխակերպվող աշխարհում հայ ժողովրդի կազմակերպման փիլիսոփայական, սոցիալ-քաղաքական, տնտեսական, կրոնական մոտեցումները։ Մարդկային կեցության բոլոր ոլորտներում առկա մրցակցությունը ժողովուրդների առջև ոչ միայն ինքնակատարելագործման, այլ անգամ ինքնապահպանման խնդիր է դնում։ Այլ կերպ չի էլ կարող լինել այն պայմաններում, երբ փլուզվում են բազմադարյա չափանիշները։ Այդ առումով հատուկ պատասխանատվություն է ընկնում ազգի սփռվածության և մասնատվածության պայմաններում ժամանակակից աշխարհընկալման նկատմամբ նոր մոտեցումներ մշակող հայ մտավորականության ներկա սերնդի վրա։ Իրողությունները, որոնք բաժին են ընկել հայ ժողովրդին, ոչ ստանդարտ են և պահանջում են նոր արտակարգ լուծումներ։

Մեր պատմական անցյալը և մշակութային ժառանգությունը փորձում են նյութականացնել և յուրացնել։ Այլ մշակույթների մեջ մեր մշակույթի տարալուծմանը հաճախ նպաստում ենք մենք ինքներս։ Շարունակելով օգտագործել դարերի ընթացքում մեր վզին փաթաթած խոսքերն ու եզրույթները, մենք ակամա ինքներս օգնում ենք մեզ բարի չկամեցողներին։ Օրինակ` փոխարինելով մեր բառապաշարում «ծիրանափող» հայերեն բառը թուրքերեն «դուդուկով», մենք առիթ տվեցինք առանձին ժողովուրդներին մեր երեքհազարամյա երաժշտական գործիքի նկատմամբ հավակնություններ դրսևորել։ Այդ կապակցությամբ պատմական պատասխանատվություն է ընկնում մեր լեզվաբանների վրա, որոնք պետք է աշխատանք տանեն հայերենն օտար ու խորթ փոխառություններից մաքրելու ուղղությամբ։ 

Մեզ երկար ժամանակ փորձում էին համոզել, որ Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս հայություն գոյություն չունի։ Թող ների ինձ մեր հարազատ Առաքելական եկեղեցին, սակայն, եթե դա այդպես է, ապա ի՞նչ անենք կաթոլիկ-մխիթարյանների հետ, որոնց ժառանգությունը կազմում է հայ ժողովրդի հպարտությունը։ Ինչպե՞ս մենք կարող ենք անտեսել բռնի իսլամացված մեր հայրենակիցներին, որոնցից շատերը արհամարհելով սպառնալիքները, սկսեցին նորից վերադառնալ իրենց արմատներին։ Կարծում ենք, որ ներկա պայմաններում որևէ կերպ պետք է փոխվեն և ՀԱԵ մոտեցումները` դեպի հայ ժողովրդի բոլոր կոնֆեսիոնալ խմբերի նկատմամբ՝ ավելի մեծ կրոնական հանդուրժողականության դրսևորում։

Հատուկ մոտեցումներ են պահանջում հայկական պետության տնտեսական վերակառուցման հարցերը։ Դրանք ամենայն հավանականությամբ պետք է վերանայել` հաշվի առնելով ազգի սփռվածությունը և մեր հայրենիքի ոչ նպաստավոր աշխարհաքաղաքական վիճակը։ Չունենալով ելք դեպի ծով, շրջապատված լինելով ոչ բարեկամական երկու պետություններով` մենք ի վիճակի չենք տնտեսություն կառուցել փաստացի թափանցիկ սահմաններ ունեցող քաղաքակիրթ պետությունների չափանիշներով։ Նման պայմաններում, մեզ թվում է, որ ճիշտ կլինի կողմնորոշվել ոչ թե դեպի նյութահենք, ռեսուրսահենք, այլ ժամանակակից տեխնոլոգիաների վրա խարսխված աշխատուժահենք, գիտելիքահենք տնտեսություն։ Հաշվի առնելով ներկայումս և տեսանելի ապագայում Հայաստանը շրջափակող տարբեր օղակների առկայությունը` նյութահենք արտադրությունների ստեղծումը, հատկապես այնպիսինների, որոնք կապված են մեծ քանակի և ծավալի բեռները սահմաններով փոխադրման հետ, կարելի է իրականացնել Հայաստանից դուրս, հիմնականում այն երկրներում, որոնք մեր երկիր են ուղղել համապատասխան համաչափ երկարաժամկետ ներդրումներ։ Մեզ թվում է, որ այս ուղղությամբ պետք է մտածեն հայ գիտնականները, որոնք զբաղվում են ֆունդամենտալ գիտությամբ, առաջին հերթին տնտեսագետները, միջազգային իրավունքի մասնագետները և այլն։

Մի քանի խոսք՝ Սփյուռքի նկատմամբ մոտեցումներին. Այսօր մեզ ոչ ամբողջապես են բավարարում սփյուռքի տարբեր հատվածների նկատմամբ մոտեցումները։ Չգիտես ինչու, Սփյուռքն այսօր գրեթե բացառապես ընդունված է դիտարկել որպես դեպի Հայաստան հիմնական ֆինանսական և նյութական մուտքերի հիմնական դոնոր։ Սակայն դրա հետ մեկտեղ, ինչ-ինչ պատճառներով մոռացության է մատնվում բուն Հայաստանում կառավարման բարելավման ոլորտում աշխարհասփյուռ հայության ներուժը։ Եթե Հայաստանն ու Սփյուռքը միասնական օրգանիզմ են, ինչպես հաճախ հայտարարվում է տարբեր ամբիոններից, ապա,  այդ օրգանիզմի կառավարումը որոշ մասով պետք է իրականացվի սփյուռքի հայերի համապատասխան մասնակցությամբ։ Դա հատկապես այսօր այժմեական է, քանի որ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները վերաբերում են ոչ միայն Հայաստան պետությանը, այլ նաև հայկական սփյուռքին։ 

Կուտակված հարցերը շատ են և դրանք կշռադատված պատասխաններ են սպասում։ Մենք պատասխանատու ենք քաղաքակրթությունների հանգույցում գտնվող մեր Հայրենիքի համար, պատասխանատու ենք ինչպես մեր նախնիների, այնպես էլ հետագա սերունդների առջև»:

 

loading...