Խորհուրդ մեծահասակներին՝ ավելի շատ զբոսնեք ու զբաղվեք երեխայի հետ

Խորհուրդ մեծահասակներին՝ ավելի շատ զբոսնեք ու զբաղվեք երեխայի հետ

14:44 12 Օգս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոս — 1lur.am: Համակարգչի ու խաղի գործածումը դեռ չի նշանակում համակարգչային կախում։ Այս մասին օգոստոսի 12-ին, համակարգչային կախման թեմային նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հոգեբան Քրիստինե Հարությունյանը։

Նրա խոսքով՝ կախումը հոգեկան ու ֆիզիոլոգիական դրսեւորումներ ունի՝ դյուրագրգիռ, նյարդային վիճակ, ինքնագնահատականի նվազում, հասարակությունից մեկուսացում, ողնաշարի ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ՝ նստակյաց կենսակերպի պատճառով։ Եթե մարդն օրական 5-7 ժամ է անցկացնում համակարգչի մոտ, դա արդեն կարող է խոսել կախման մասին։

Քրիստինե Հարությունյանը հիշեցրեց, որ կախման պատճառները կարող են տարբեր լինել՝ հոգեբանական տրավմաներից սկսած մինչեւ ընտանեկան խնդիրներ։ Դրա համար էլ նախ պետք է բացահայտել պատճառը, հետո նոր անցնել կախման վերացմանը։ «Շատերին թվում է, թե դա անլուրջ է, դա կախում չէ, ու այդպես կարելի է փախչել խնդիրներից»,- նկատել է փորձագետը։ Նրա խոսքով, հաճախ մեծահասակներն իրենք են երեխաներին վարժեցնում համակարգչին, որպեսզի ազատ ժամանակ ունենան։ Դա հետագայում հանգեցնում է կախման, իսկ որոշ խաղեր առհասարակ ագրեսիա են առաջացնում։ Խորհուրդ մեծահասակներին՝ ավելի շատ զբոսնեք ու զբաղվեք երեխայի հետ։ «Աշխատող ծնողները կարող են երեխայի ժամանակը հեշտությամբ լրացնել նաեւ առանց համակարգիչների»,- համարում է հոգեբանը՝ հիշեցնելով դայակների ու մանկական կենտրոնների գոյության մասին։

Հայաստանում, եվրոպական երկրների համեմատ, իրավիճակն ավելի լավ է, բայց արդեն անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր, նշեց Հարությունյանը։ Նրա խոսքով, պետքէ ծրագրել օրը ու սահմանափակել էկրանի մոտ գտնվելը։ «Փորձը ցույց է տալիս, որ եթե անձն ինքը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները, անհրաժեշտ է օգնել»։

Միաժամանակ, հոգեբանը կոչ արեց հիշել նաեւ համակարգիչների զագացող գործառույթների մասին։ Մեծահասակների դեպքում համակարգչի հետ անվնաս է օրական մի քանի ժամ աշխատելը, իսկ երեխաների դեպքում՝ 20 րոպե։ 

loading...