ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի բացման արարողությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի բացման արարողությունը

13:35 19 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 հունիս-1lur.am: ՀՀ սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից եւ Ֆրանսիայից:

Նախարարությունից հյատնում են, որ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, մինչ այդ՝ ապրիլի 10-20-ը «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» եւ Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

«Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Շնորհակալ ենք ձեր ծնողներին, ուսուցիչներին, որ վստահեցին եւ Հայաստան ուղարկեցին ձեզ՝ մասնակցելու հայրենաճանաչության այս լավագույն ծրագրին: Հյուրընկալ ընտանիքներում 9 եւ ճամբարային 5 օրերի ընթացքում դուք կայցելեք Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, թանգարաններ, հանդիպումներ կունենաք պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ: Հայաստանում սովորեք, կատարելագործեք Ձեր Մայրենին եւ հիշեք, որ միայն լավ մարդ եւ մրցունակ մասնագետներ դառնալով կկարողանաք ստեղծել ձեր արժանապատիվ ապագան եւ ձեր լուման կներդնեք Հայրենիքի շենացման գործին»:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց պատկան գերատեսչություններին եւ համայնքային ծառայություններին՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներին Հայաստանում հավուր պատշաճի ընդունելու, տեղավորելու, նրանց անվտանգությունն ու ժամանցը կազմակերպելու համար:

Այնուհետեւ նախարարը ավանդույթի համաձայն «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկը հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ Քուվեյթի ազգային վարժարանի սան Աբութ Ղտեին:

Շնորհակալություն հայտնելով մշտական ջերմ ընդունելության համար՝ ՌՀՄ Կրասնոդարի մասնաճյուղի կրթական խորհրդի ղեկավար Կարինե Եսայանը նշեց. «Արի տուն» ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման իրական հնարավորություն է: Սիրելի՛ տիկին Հակոբյան, շնորհակալ ենք Ձեզ՝ ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Կրասնոդարի երկրամասի հայ պատանիներն ու աղջիկները մի քանի տարի շարունակ ոգեւորությամբ մասնակցում են եւ դեռ կմասնակցեն ծրագրին»:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ղազախստանի մասնակից Լուսինե Սարգսյանը՝ նշելով, որ իր հետ կտանի Հայաստանից ստացած ջերմ եւ անկրկնելի տպավորությունները: Ատըրաուի դպրոցի սաները (Ղազախստան)՝ տնօրեն Ալեսանդ Կարապետյանի գլխավորությամբ խոսեցին ծրագրի կարեւորության մասին եւ ընդգծեցին, որ այսուհետ մշտապես պիտի մասնակցեն ծրագրին:

Այնուհետեւ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով պարգեւատրեց Արարատի մարզի «Արի տուն» ծրագրի պատասխանատու Ադիբեկ Խուրշուդյանին:

Ասմունքով եւ ազգային երգերի կատարումներով հանդես եկան Քուվեյթից Մարիա Ղտեն, Ռուսաստանից Արփինե Բակունցը, Կարինա Եսայանը եւ Հրաչ Շահինյանը: Պարային համար ներկայացրին Ախալքալակի Բարալեթ գյուղի դպրոցի պարախմբի աղջիկները:

loading...