ՔԿՀ-ներում առողջապահության հետ կապված հարցերը խայտառակ վիճակում են. Նաիրա Զոհրաբյան

ՔԿՀ-ներում առողջապահության հետ կապված հարցերը խայտառակ վիճակում են.  Նաիրա Զոհրաբյան

14:13 15 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 հունիս-1lur.am: Քրեակատարողական հիմնարկներում անազատության  մեջ գտնվող անձանց դեղորայքի եւ առողջապահության հետ կապված հարցերը խայտառակ վիճակում են: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր  Քրեակատարողական հիմնարկներում  ազատությունից զրկված անձանց  առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ  Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը:  

«Դատապարտված անձանց հետ մեր հանդիպումների ժամանակ արձանագրել ենք նույն խնդիրները, դրանք բուժսպասարկման ծայրահեղ վատ վիճակն է, որը արձանագրված է նաեւ Ձեր զեկույցում: Առանցքային խնդիրներից էր մասնագետ բժիշկների պակասը, մենք բարձրացնում ենք խնդիրներ, որոնք ենթադրում են նաեւ օրենսդրական կարգավորում»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի պնդմամբ՝ դատապարտյալները զրկված են նվազագույն դեղերից:

«Մենք հանդիպել ենք դեպքերի, որ բժիշկը լաբարատոր պայմաններում, տնայնագործական պայմաններում իրար է խառնում դեղաբույսեր եւ պատրաստում է դեղորայք՝ ցավազրկողներ: Դեղորայքը լրջագույն խնդիր է ՔԿՀ-ներում»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը առաջարկում է , որ օրենքով ՔԿՀ-ների համար սահմանվի պարտադիր դեղորայքի ցանկ:

loading...