Պաշտոնական այցով ՀՀ-ում է Տաջիկստանի նախագահը

Պաշտոնական այցով ՀՀ-ում է Տաջիկստանի նախագահը

17:19 14 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 հունիս-1lur.am:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Հանրապետության նախագահի նստավայրում այնուհետեւ տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Էմոմալի Ռահմոնի առանձնազրույցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ նշել, որ նրա այցը Հայաստան նաեւ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ այս տարի Հայաստանը եւ Տաջիկստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Հանրապետության նախագահի համոզմամբ, նման այցելությունները լավ հնարավորություն են վերլուծելու, ամփոփելու այն ուղին, որ երկու երկրներն անցել են 25 տարիների ընթացքում, մյուս կողմից, իհարկե, նաեւ մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի, տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների շուրջ:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է Տաջիկստանի նախագահի այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը, որոնք, ըստ նրա, կլրացնեն երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչի անհրաժեշտությունը կա, քանի որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ հայ եւ տաջիկ ժողովուրդների բարեկամության եւ ոչ էլ երկու երկրների միջպետական հարաբերությունների մակարդակին:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած ոլորտում ակտիվ համագործակցության եւ գոհունակությամբ է խոսել նախագահ Ռահմոնի այցի շրջանակներում Երեւանում կազմակերպված գործարար համաժողովի ու միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին:

Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հիասքանչ, հնագույն երկիր՝ Հայաստան, հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռահմոնը համակարծիք է եղել հայ գործընկերոջ հետ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը լավ հնարավորություն են բոլոր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի հիման վրա զարգացնելու հարաբերությունները: Էմոմալի Ռահմոնը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշել է առեւտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ վերամշակման, սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության եւ կրթության, առողջապահության ոլորտները:

Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ հենց այդ նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են երեւանյան գործարար համաժողովին:

Նախագահ Ռահմոնը դրվատանքով է խոսել հայաստանյան գործարար համայնքի մասին, նշելով, որ հատկապես գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում Հայաստանը մեծ հաջողություններ ունի, եւ Տաջիկստանում կցանկանան նույնպիսի հմտություններ ձեռք բերել՝ հաշվի առնելով ոլորտի արդի տեխնոլոգիաները եւ նորարարությունները:

Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում մեկնարկել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

loading...