Շատ տպավորված ենք Հայաստանի՝ արտահանման եւ ներդրումների խթանման մասով հաջողություններով. Ուիլյամ Թոմփսոն

Շատ տպավորված ենք Հայաստանի՝ արտահանման եւ ներդրումների խթանման մասով հաջողություններով. Ուիլյամ Թոմփսոն

11:31 14 Jun, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 հունիս-1lur.am: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հունիսի 13-ին, ընդունել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմպսոնին եւ «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» եւ «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների  բարեփոխումների մշտադիտարկման փուլի աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի ընթացքի, ձեռքբերումների եւ հետագա քայլերի վերաբերյալ՝ դրական գնահատելով ծրագրի ազդեցությունը։ Գարեգին Մելքոնյանը ՏԶՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է նաեւ ՓՄՁ վիճակագրության վարման անհրաժեշտությունը։

Նույն օրը տեղի է ունեցել 2015 թ.-ի մարտին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արեւելյան գործընկեր երկրներում. անդրադարձ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեշղթաներին կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին» եւ «Անդրազգային ընկերությունների ու Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» զեկույցների բարեփոխումների մշտադիտարկման փուլի աշխատանքային խմբի նիստը:

Նիստը համանախագահել են` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Գարեգին Մելքոնյանը նշել է. «ՏՀԶԿ հետ սկսել ենք ինտենսիվ համագործակցել մոտ 2 տարի առաջ: Այս ծրագիրը նպատակ ուներ օգտագործելով ՏՀԶԿ մասնագիտական կարողությունները Հայաստանում իրականացնել ուսումնասիրություն, բացահայտել այն հնարավորությունները, որ կարելի է զարգացնել մասնավորապես երկու ուղղություններով` ՓՄՁ զարգացում, միջազգայնացում եւ արտահանման զարգացում` շեշտը դնելով փոքր բիզնեսի վրա եւ նաեւ ներդրումների ներգրավում` անդրազգային ընկերությունների եւ Հայաստանի ՓՄՁ-ների միջեւ կապերի ստեղծմամբ, ձեւավորել կատարվելիք քայլերի ճանապարհային քարտեզ, որը նպատակ կունենար բարելավելու նշված ուղղությունները եւ հետագայի համար ապահովելու կայուն զարգացման հնարավորություններ»:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին` նա նաեւ ավելացրել է, որ ՏՀԶԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ հնարավոր եղավ նախատեսված աշխատանքները կյանքի կոչել կարճ ժամանակահատվածում, եւ այս տարվա վերջում, արդեն իսկ կներկայացվի կատարված աշխատանքների արդյունքը:

Մելքոնյանը նաեւ վստահություն է հայտնել, որ հենվելով շատ դրական փորձի վրա հետագայում եւս հնարավոր կլինի համատեղ գործունեություն ծավալել եւ համագործակցել այլ ոլորտներում:

ՏՀԶԿ Եվրասիայի հարցերի գծով ստորաբաժանման ղեկավար Ուիլյամ Թոմփսոնն իր հերթին ողջունել է նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել շարունակական համագործակցության համար եւ նշել. «Թե’ ես, եւ թե’ իմ գործընկերները շատ տպավորված ենք Հայաստանի արձանագրած հաջողություններով, մասնավորապես, արտահանման եւ ներդրումների խթանման մասով: Հոկտեմբերին նախատեսվող Եվրասիական մրցունակության հարցերով կլոր սեղան-քննարկմանը Հայաստանը լինելու է ուշադրության կենտրոնում եւ ներկայացնելու է իր առաջընթացը այլ երկրներին, նաեւ սովորելու է այլ երկրների փորձը: Մասնակցելը այդ կլոր սեղանին Հայաստանի համար եւս մեկ հնարավորություն է ցույց տալու համար իր կատարած աշխատանքը»:

Թոմփսոնը նաեւ նշել է, որ 2014 թվականից սկսած ՏՀԶԿ-ն արդեն իսկ ներկայացրել էր առաջարկներ, որոնց մասով Հայաստանը առաջընթաց է գրանցել եւ այսօրվա հանդիպման նպատակն է ամբողջացնել փորձագիտական գնահատականները եւ տեսնել ինչ է արվել:

«Նաեւ այսօր այստեղ ենք քննարկելու Հայաստանի հետ հետագա համագործակցության եզրերը, ընթացիկ ծրագրերը: Ծրագիրն ավարտին է մոտենում, այդ իսկ պատճառով քննարկելու ենք նաեւ, թե ինչ ուղղություններով կարող ենք շարունակել համագործակցությունը, մասնավորապես ՓՄՁ զարգացման, արտահանման եւ ներդրումների խթանման մասով»,-ավելացրել է նա:

Նիստի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ կողմից կատարված աշխատանքների հիման վրա ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի նախագիծը։ Զեկույցը 2017թ.-ի հոկտեմբերին պաշտոնապես ներկայացվելու է ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության կլոր սեղանի ընթացքում։

loading...