ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւոր է համարում ԵՄ հետ հարաբերությունների խորացումը

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւոր է համարում ԵՄ հետ հարաբերությունների խորացումը

17:23 13 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հունիս-1lur.am: Եվրոպական միության համար մեր երկիրը լիարժեք, կանխատեսելի եւ հեռանկարային գործընկեր է: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ դրանք ակտիվ են թե՛ միջպետական եւ թե՛ խորհրդարանական մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը եւ նշել, որ Եվրոպական միության համար մեր երկիրը լիարժեք, կանխատեսելի եւ հեռանկարային գործընկեր է: Բունդեսթագի պատգամավորը նույնպես կարեւոր է համարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը եւ այս համատեքստում ընդգծել, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել ու նպաստել ԵՄ-ԵՏՄ հարաբերությունների զարգացմանը:

Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասն ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները, անդրադարձել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:

Կարեւորելով երկու երկրների հարաբերությունների խորացումը՝ Բունդեսթագի պատգամավոր Նիլս Աննենը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստելու հայ-գերմանական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Գերմանացի պատգամավորը բարձր է գնահատել իբրեւ ՀՀ արդարադատության նախարար՝ Արփինե Հովհաննիսյանի կատարած աշխատանքն արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման գործում: Նա համոզմունք է հայտնել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում տիկին Հովհաննիսյանը կշարունակի աջակցել այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը:

loading...