Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՌԴ դեսպանատուն

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՌԴ դեսպանատուն

14:33 12 Հնս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հունիս-1lur.am:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն եւ բարօրություն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ: Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Նախագահի խոսքով, լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների շահերին:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման»,-ասված է ՌԴ նախագահին ուղված ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

loading...