Այսօր Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 2 մայիս-1lur.am:2017 թվականին Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Asthma Day) մայիսի 2-ին անցկացվում է «Ասթմա. ավելի լավ օդ՝ ավելի լավ շնչառություն» (Asthma: Better air,better breathing) կարգախոսով: Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Asthma Day) ամեն տարի ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երեքշաբթի օրը՝ Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնության շրջանակում (Global Initiative for Asthma, GINA):

Այն հիմնադրվել է հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայի խնդրին գրավելու, հիվանդության, դրա ախտորոշման եւ բուժման մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Օրվա հիմադրման պատմությունը սկսվում է 1993 թվականից, երբ Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտը (NIHLB, ԱՄՆ), Առողջության ազգային ինստիտուտը (National Institutes of Health, ԱՄՆ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) GINA-ի աշխատանքային խումբը ստեղծեցին, որի գործունեության արդյունքն էր «Բրոնխիալ ասթմայի բուժման եւ կանխարգելման գլոբալ ռազմավարություն» զեկույցը (1995): Մշակվել է նաեւ «Բրոնխիալ ասթմայի գլոբալ նախաձեռնություն» ծրագիրը (GINA) բժիշկների, բուժհաստատությունների եւ պաշտոնական ատյանների համագործակցության զարգացման նպատակով:

Բրոնխիալ ասթման առողջապահության գլոբալ խնդիր է: Սա շնչուղիների քրոնիկական հիվանդություն է, որով, ԱՀԿ-ի տվյալներով, ամբողջ աշխարհում մոտ 235 մլն մարդ է տառապում: Ասթման երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկական հիվանդությունն է:

Ասթմայի առաջացման հավանականության ամենանշանակալի գործոններն են ալերգենները՝ անկողնային պարագաներում, գորգերի եւ փափուկ կահույքի վրա տնային փոշու տիզերը, ծաղակափոշին եւ բորբոսը, քիմիական գրգռող նյութերը, ծխախոտի ծուխը: Ասթմա կարող են առաջացնել սառը օդը, չափից ավելի մեծ էմոցիոնալ գրգռումը եւ ֆիզիկական վարժությունները:

Ասթման առանձնապես սուր ընթացք ունի մեծ քաղաքներում, որտեղ օդում բնական ալերգենները միանում են մթնոլորտային արտանետումներին, մասնավոապես՝ ավտոտրանսպորտի արտանետումներին:

Բրոնխիալ ասթմայի առաջացման վրա կարող են ազդել նաեւ գենետիկ գործոնները: ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի գիտնականները 4 գեն են հայտնաբերել, որոնց տարատեսակները կարող են ասթմա առաջացնել:

Ասթմային հատուկ են հեղձուկի եւ սուլոցով շնչելու կրկնվող նոպաները, որոնց ծանրությունը եւ հաճախականությունը տարբեր մարդկանց համար տարբեր է: Ասթմայով տառապող հիվանդների մոտ ախտանշանները կարող են սկսվել օրական կամ շաբաթական մի քանի անգամ, որոշ մարդկանց մոտ նոպաները սկսվում են ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ գիշերը:

Ասթմայի նոպայի ժամանակ բրոնխիոլի էպիթելային ծածկն ուռչում է, որը բերում է շնչուղիների նեղացման եւ թոքեր մտնող ու այնտեղից դուրս եկող  օդի հոսանքի կրճատման: Ասթմայի կրկնվող նոպաները հաճախ անքնություն եւ ցերեկվա ժամերին հոգնածություն են առաջացնում:

Ասթմայով հիվանդները վերջնականապես չեն կարող առողջանալ, սակայն պատշաճ ախտորոշման եւ բուժման (մասնավորապես՝ ինհալյացիոն կորտիկոստերոիդների կիրառման) շնորհիվ հիվանդությունը կարելի է վերահսկել:

ԱՎԵԼԻՆ