Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլ-1lur.am:  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և համագործակցությունը հումանիտար ոլորտում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են, և մեր երկիրը շահագրգիռ է այդ բարիդրացիական հարաբերությունները տարեցտարի զարգացնել ու ավելի ամրապնդել:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել մոտ մեկ տարի առաջ Երևանում ունեցած հանդիպումն ու արդյունավետ քննարկումները: Նախարար Միխեիլ Ջանելիձեն բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքը, նշելով, որ հատկապես վերջին տարիներին այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում և միջոլորտային շփումներում ակտիվացել են: Նա առանձնահատուկ նշել է էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ԵՄ հետ երկխոսությանն ու համագործակցության ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը տարածաշրջանի զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորել են կայունությունն ու խաղաղությունը:

Նախարար Ջանելիձեն շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման և Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

ԱՎԵԼԻՆ