«Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով համերգային ծրագիրը նվիրվեց քառօրյա պատերազմի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլ-1lur.am:     Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը` ի խոնարհում ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին:

«Ուզում եմ աշխատել, ուզում եմ, որ մարդիկ վարակվեն այն սիրով, որը բոլորիս բարեկամ է դարձնում:  Երբ սիրում ես հայրենիքը, սիրում ես բոլորին»,- նշեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Վահե Հախվերդյանն ասաց, որ Ռոբերտ Ամիրխանյանի երգերն անկեղծ են ու մարդկային և անհնար է դրանք վատ կատարել: «Երգերիցս մեկը նվիրված է քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին, հերոսներին, երկրորդ երգն ավելի ուրախ է ու ռազմահայրենասիրական: Մեծ հուզմունքով եմ դրանք կատարելու»,- եզրափակեց Հախվերդյանը:

«Քառօրյան մեծ ազդեցություն ունեցավ մեզ վրա: Մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ, սակայն կարողացանք համախմբվել ու միասնական պայքարել թշնամու դեմ:  Մենք` երաժիշտներս, մշակույթի, արվեստի զինվորներն ենք, բեմը մեր ռազմաճակատն է, և մենք նվիրված ենք մեր երկրին»,- շեշտեց երաժիշտ Արմենակը:

Անցյալ տարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած համերգներից հավաքված գումարը`   տասը միլիոն դրամ, 500 000-ական դրամով տրամադրվել է ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին: Այս համերգից ստացված գումարը նույնպես նույն նպատակին կծառայի:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, «Հովեր» պետական կամերային նվագախմբի և հայտնի օպերային ու էստրադային մեներգիչների կատարմամբ հնչեցին Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունները, այդ թվում հատուկ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը: Երեկոն վարեց Ռոբերտ Ամիրխանյանը, համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Մենակատարներն են Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահե Հախվերդյանը:

ԱՎԵԼԻՆ