Պետական գնումների համակարգում մեկ անձից կատարվող գնումները նվազել են 2,5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 16  մարտ-1lur.am:       Հայաստանում նախորդ տարի իրականացված պետական գնումների ընթացակարգերի արդյունքները նախնական ամփոփման արդյունքներով գոհացուցիչ են: Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Նրա ներկայացմամբ` 2016 թվականի ընթացքում իրականացվել են 188.5 մլրդ դրամի պետական գնումներ, որից 97 մլրդ դրամը եղել են մենաշնորհային գնումներ (լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն), իսկ 91,5 մլրդ դրամը եղել են մրցակցային գնումներ:

«Մրցակցային գնումների մեջ ընդամենը 6,6 մլրդ դրամն է կատարվել մեկ անձից, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2,5 անգամ: Այսինքն` 21,2 մլրդ դրամից հասել ենք 6,6 մլրդ դրամի, տոկոսային հարաբերակցությամբ`18,3 տոկոսը դարձել է 7,2 տոկոս: Սա շատ մեծ ձեռքբերում է: Այն ցույց է տալիս, որ պետական գնումների մրցակցությունն ու մասնակցությունը խրախուսվում են: Գրեթե 95 տոկոսն արդեն իսկ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով է իրականացվում և ամբողջ տվյալները հրապարակվում են հունվարի 1-ից»,-ասաց Թամազյանը:

Նրա դիտարկմամբ` որոշ գնումների առումով գրեթե երկու անգամ ավելացել է մասնակցությունը: Իրենք շարունակելու են էլեկտրոնային համակարգի ներդրումը` գնումներին մրցակցությունը, պետական միջոցների ծախսման և գնումների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:

ԱՎԵԼԻՆ