«Արթնացիր, իմ սեր». Տիգրան Նալչաջյանի նոր ֆիլմը

«Արթնացիր, իմ սեր». Տիգրան Նալչաջյանի նոր ֆիլմը

21:44 2 Փտր, 2017

 

ԵՐԵՎԱՆ: 2 Փետրվար- 1lur.am:  «Այս պահին աշխատում եմ «Արթնացիր, իմ սեր» գեղարվեստական ֆիլմի վրա»,-ասում է երիտասարդ ռեժիսով Տիգրան Նալչաջյանը, ում հետ էլ 1Lur.am-ը զրուցեց նոր ֆիլմի, դրա գաղափարի, հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:

_Կպատմե՞ք մի փոքր ֆիլմի մասին:

_«Արթնացիր, իմ սեր»-ը  լինելու է բազմաժանր  ֆիլմ, կառուցված՝  շատ հետաքրքիր սիրո պատմության շուրջ, որն ունի իր մութ կողմերը և կան սյուժետային շրջադարձեր: Ձմեռային հատվածն արդեն նկարահանել ենք, կշարունակենք գարնանը:

_Ֆիլմն իրական պատմության վրա է հիմնված:

_Սցենարի հեղինակը ես եմ, ու պետք է ասեմ, որ միշտ ռեալ եմ մոտենում ցանկացած պատմություն ստեղծելիս, քանի որ ինքս դրամա ժանրի մեծ սիրահար եմ և նախընտրում եմ դիտել եվրոպական որակյալ ֆիլմեր: Սակայն այս դեպքում ֆիլմը կոնկրետ իրական պատմության հիման վրա չէ, այն ֆիքշն է, սակայն շատ «կյանքային» ու հետաքրքիր իրադարձություններով ու հարաբերություններով է հագեցած :

_Առանձնակի հետաքրքիր են երիտասարդ ռեժիսոր-պրոդյուսերների ստեղծագործությունները. կյանքի նրբություններն ու երանգներն ավելի ճիշտ են զգում ու որսում: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

 _Քանի որ ինքս շատ եմ կարդում ու  ֆիլմեր դիտում, ու քանի որ  կյանքում ու ցանկացած պահի միշտ, կարելի է ասել, ստեղծագործական դիտողականություն եմ կիրառում մարդկանց, երևույթների և կյանքի տարբեր իրավիճակների նկատմամբ, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ կա նման բան իմ դեպքում: Իսկ որպես լիամետրաժ ֆիլմ, սա կլինի իմ երկրորդ ֆիլմը «Չներվածները» ֆիլմից հետո:

 _ Իսկ ինչու՞ «Արթնացիր իմ սեր»:

_ Որպես վերնագիր, «Արթնացիր իմ սեր»-ը, բավականին հետաքրքիր նշանակություն ունի սյուժետային կառուցվածքի առումով, այդ իսկ պատճառով չեմ ուզենա բացահայտել:

_Ովքե՞ր են գլխավոր դերերում:

_Գլխավոր դերակատարներից առայժմ կնշեմ  նրանց, ովքեր արդեն նկարահանվել են ձմեռային տեսարանները նկարահանելիս: Ֆիլմի գլխավոր դերակատարուհին իմ ստուդիայի սան Օֆելյա Հարությունյանն է, ով, հպարտությամբ պետք է նշեմ, որ սովորում է իմ գլխավորությամբ և շատ որակյալ խաղ է ցուցադրում ֆիլմում` խաղալով բավականին բարդ և էմոցիոնալ տեսարաններում: Մյուս գլխավոր դերակատարուհին Միլենա Ավանեսյանն է, ով նույնպես հիանալի է կատարում իր առջև դրված խնդիրները: Նրան հանդիսատեսը կարող է հիշել Շանթ ՀԸ «Թաքնված սեր» սերիալից՝ Արևիկի դերակատարումով, իսկ թատերասերները «Դեպի տուն» ներկայացումից, որտեղ  խաղում էր գլխավոր դերում: Գլխավոր հերոս Կարենին մարմնավորում եմ ես: Ֆիլմում նաև նկարահանվում է Մարգարիտա Հունանյանը, ով խաղում է նաև իմ նախորդ ֆիլմում: Կան նաև այլ դերակատարներ, ովքեր դեռ այս փուլում չեն նկարահանվել, սակայն գարնանը կմիանան մեզ:

_Գարնանը կավարտվե՞ն նկարահանումները: Իսկ պրեմիերա՞ն…

_Նախատեսել ենք գարնանն ավարտել, իսկ պրեմիերան, հուսամ, որ կկայանա աշնանը՝ հոկտեմբերից ոչ շուտ:

 _Շատ կարևոր խնդիր է նաև ֆինանսական միջոցների հայթայթումը: Այս հարցն ինչպե՞ս եք կարգավորում, կա՞ն հովանավորողներ:

_Այս պահին նկարահանում եմ իմ  սեփական միջոցներով և ընկերների աջակցությամբ, սակայն հետագա նկարահանումների համար կան նախնական պայմանավորվածություններ` կապված փրոդաքթ-փլեյսմենթի հետ:

_Ինչպիսի՞ պլաններ կան ապագայում:
 
_Աշխատում և նախապատրաստվում եմ իրագործել ևս երկու կինոնախագիծ, որոնցից մեկը «Այրվող հորիզոններ» աշխատանքային վերնագրով ֆիլմն է: Բացի այդՙ շուտով իմ ղեկավարած «Սթեյջ 7»դերասանական ստուդիայում պատրաստվում եմ բեմադրել նոր ներկայացում, որի գլխավոր դերակատարները կլինեն հենց մեր ստուդիայի սաները: Ձեռքիս տակ շատ տաղանդավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ կան, որոնց ստեղծագործական պոտենցիալը շատ մեծ է և հարկավոր է ամեն ձևով զբաղվել նրանց առաջխաղացմամբ:

_Ձեզ մասնագիտական մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ ենք ցանկանում…

_Շնորհակալ եմ:

Լուսանկարները՝ Տիգրան Նալչաջյանի ֆեյսբուքյան էջից.

Фото Tigran Nalchajyan.Фото Tigran Nalchajyan / Տիգրան Նալչաջյան.

Фото Tigran Nalchajyan / Տիգրան Նալչաջյան.

 

Фото Tigran Nalchajyan / Տիգրան Նալչաջյան.Фото Tigran Nalchajyan / Տիգրան Նալչաջյան.

Фото Tigran Nalchajyan / Տիգրան Նալչաջյան.

1Lur.am

 

loading...