Հայկական հեռուստատեսության աքիլլեսյան գարշապարը

Հայկական հեռուստատեսության աքիլլեսյան գարշապարը

17:34 31 Հնվ, 2017

ԵՐԵՎԱՆ: 31 հունվար- 1lur.am: Հայկական հեռուստատեսության  լեզվական  սխալներն  ամենուրեք են, բոլոր հեռուստաալիքներով` ավելի կամ պակաս չափով: Սակայն զավեշտն այն է, որ մեկ անգամ հնչելուց հետո դրանք եթերից դուրս մղվելու փոխարեն, ավելի են ամրապնդում իրենց դիրքերը:

Հեռուստատեսության լեզվի, հաղորդավարների ճիշտ խոսքի և առհասարակ ոլորտի պատասխանատվության մասին 1Lur.am-ը  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի  գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ:

_ Հասարակության կողմից պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության: Չե՞ք կարծում, որ լեզվի տեսչությանը վերապահված լիազորությունները սահմանափակ են:

_ Այո, բայց հեռուստատեսության պարագայում խնդիրը մի քանի շերտ ունի և միայն տեսչության հսկողությամբ չի լուծվի։ Հեռուստատեսությունը բազմաժանր կոնտենտ է արտադրում, և որոշակի գեղարվեստական նյութի մեջ կարող է հայտնվել հերոս, որը ժարգոնով պետք է խոսի, կամ որևէ մարզից է ու պետք է խոսի բարբառով։ Այս դեպքում օրենքը կարող է հակասել խմբագրական ազատության սկզբունքին։ Սակայն սա կրկին արդարացում չէ:

_ Հեռուստատեսության լեզվի բնագավառում օրենսդրության պահանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չէ:Այս պատճառով եթերում աստիճանաբար սկսում է գերակայել օտար լեզուն:Այս առումով օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք չե՞ն:

_ Սկզբում «ոստիկանի» այդ դերը ստանձնել էր Լեզվի պետական տեսչությունը, որը հնարավորինս կատարում էր իր պարտականությունները, սակայն նրա բեռը թեթևացնելու մտահոգությամբ, կառավարությունը մի նոր մարմին ստեղծեց և լիազորությունները հանձնեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին: Տարիներ առաջ մեր հանձնաժողովը մշակեց չափորոշիչներ, որոնք նպատակ ունեին կարգավորիչ դերակատարություն ունենալ լեզվի և բովանդակային խնդիրների գործում, սակայն այն նույնպես չունեցավ անհրաժեշտ ազդեցությունը: Այժմ այդ խնդիրը վերապահված է Ազգային ժողովին:

_ Այսօր եթեր են հեռարձակվում օտարալեզու հաղորդումներ, որոնք, չշոշափելով որևէ ազգային փոքրամասնության ինչ-ինչ հարցեր, պարզապես հնչում են ոչ հայերեն: Ինչու՞:

_ Կարծում եմ՝ օտարալեզու հաղորդումները չթարգմանելը զուտ տեխնիկական խնդիր է, այսինքն՝ հեռուստաընկերությունները ավելորդ ծախսերից խուսափում են, իսկ օտար լեզվով հաղորդումները տեղավորվում են ազգային փոքրամասնությունների համար օրենքով նախատեսված պահանջի տրամաբանության մեջ:

_ Կարելի՞ է խոսել որոշ հեռուստաալիքների մասին, որտեղ եթերի լեզվին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, և արդյունքում այն ավելի ճիշտ խոսքային կաղապարներով է կազմված:

_ Թերևս բոլոր հեռուստաընկերություններում լրատվական ծրագրերը լեզվի առումով առանձնանում են, ավելի գրագետ են, քանի որ այստեղ գոնե տարրական գրագիտություն հարկավոր է: Ժամանցային ու լրատվական հաղորդումները համեմատելիս ակնհայտ է դառնում, որ առաջիններում գործածվող լեզվում ավելի հաճախ են հանդիպում օտար կաղապարներ ու առանձին բառեր, քան երկրորդ դեպքում: Ընդհանուր առմամբ` հայկական հեռուստատեսություններում լրատվական հաղորդումների լեզուն շատ գեղեցիկ է, ընտրվում են բավականին դիպուկ բառեր, որոնք կիրառվում են ճշգրիտ կառույցներում:

_ Կարելի՞ է ասել, որ հաղորդումները, որոնք  պատրաստվում և ցուցադրվում են մեկ անգամ, քերականական կանոնների պահպանման տեսանկյունից ավելի հաջողված են, քան հաղորդաշարերը, և եթե այո, ինչո՞վ է դա պայմանավորված:

_ Անշուշտ, ժամանակը որակ է բերում:Եթերային ցանցը շուրջօրյա հեռարձակմամբ շատ բարդ խնդիր է: Երբեմն բավարար ժամանակ չի հատկացվում, և սպրդում են տարաբնույթ սխալներ: Դասական հեռուստատեսությունը, որպես կանոն,  պետք է միայն տեղեկատվություն արտադրի, իսկ այլ հաղորդումները` գնի: Արտադրող կազմակերպությունը, շահագրգռված է որակյալ արտադրանք ստեղծել, որպեսզի վաճառվի: Բնականաբար, նա ուշադիր կլինի նաև լեզվի և տեքստի հարցում:

_ Հաջորդ խնդիրը հայկական հեռուստաընկերությունների հաղորդավարների ոչ ճիշտ շեշտադրությունն ու առոգանությունն է։ Նախկիննում գերիշխում էր ռուսական, այժմ՝ անգլիական շեշտադրությունը: Սրա մասին ի՞նչ կասեք :

_ Բանն այն է, որ հաղորդավարի մասնագիտություն գոյություն չունի: Որոշ հաղորդավարներ ժողովրդական խոսքին մոտ լինելու համար խոսում են ա-երով, չնայած շատ լավ տիրապետում են գրական բանավոր խոսքին: Սա, կարծում եմ, մասնագիտական չարաշահում է՝ էժանագին լսարան շահելու համար: Պատճառներից մեկը պրոֆեսիոնալիզմի պակասն է։ Որոշ դեպքերում արտադրության մեջ ընդգրկված մարդիկ անգամ մասնագիտական կրթություն չունեն։ Երբեմն ես հարցնում եմ՝ ինչու՞ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի Գևորգ Սարոյանը, լինելով այդքան կենդանի կերպար, երբեք չի խոսում ա-երով։ Մի անգամ այդ մասին հարցրեցի Ֆրունզե Դովլաթյանին, ով իմ կուրսի ղեկավարն էր, և նա ասաց, որ տեքստի վրա շատ երկար են աշխատել, անգամ ժամանակներն են խախտել, որպեսզի խուսափեն ականջի համար անհրապույր խոսքից: Այնուհետև կա նաև մեր լեզվի տոնի, լեզվային մեղեդայնության և ինտոնացիայի խնդիրը: Սա արդեն  վարպետության խնդիր է: Ուրեմն արդյունքում, որպեսզի ստացվի որակյալ աշխատանք, պետք է շատ ջանք և ժամանակ տրամադրվի, անպայման պրոֆեսիոնալների մասնակցությամբ Լեզվական արատների մասին անգամ չեմ խոսում: Առաջին հերթին հաղորդավարը պետք է կիրթ լինի և լիարժեք տիրապետի իր նյութին:

_ Հեռուսատեսության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները նյութական և այլ ռեսուրսներ ունե՞ն այդ ամենին հետևելու համար:

_ Հանձնաժողովը մշտադիտարկում է կատարում, ընտրովի սկզբունքով եթերում գտնվող ալիքներից  ութը մեկ ամիս տեսագրվում և մշակվում են:Սա վերաբերում է նաև մարզային ալիքներրն ու ռադիոալիքներին:

 1lur.am

                                                         

 

loading...