Հայ-իրանական երկաթգիծը՝ կրկին ուշադրության կենտրոնում

ԵՐԵՎԱՆ: 15 հունվար- 1lur.amԴեռևս 2008-ի հոկտեմբերին, ժողովրդին և Ազգային ժողովին հասցեագրած ուղերձում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց․  «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան – Հայաստան երկաթուղու կառուցումը»: 

Վերջին շրջանում թեման սկսեց նորից ակտիվանալ, մասնավորապես այն բանից հետո, երբ լուծարվեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը:

Թեմայի շրջանակներում 1lur.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ.

_Թե՛ Հայաստանը և թե՛ Իրանը մշտապես հայտարարել են, որ երկաթուղու կառուցումը մնում է երկու երկրների տնտեսական և քաղաքական օրակարգերում, բայց դեռևս ոչ մի հստակ քայլ չկա, մասնավորապես մեր կողմից: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

_Եթե հստակ քայլ ասելով  ուղղակիորեն նկատի ունենք երկաթգծի  կառուցման աշխատանքների սկսումը, ապա պետք է նախ գտնել ֆինանսներ, իսկ երկաթգծի ծրագիրն ինքնին շատ թանկ նախագիծ է, այնպես որ այդ գումարները չեմ կարծում թե հնարավոր է միանգամից գտնել: Նախ պետք է այդ հարցը լուծել, ինչն էլ, կարծում եմ, այժմ փորձում են անել:

Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, շեշտեց երկաթգծի կարևորության մասին:Նրա խոսքերով՝ պետք է ունենալ նաև երրորդ ուղղություն, որպեսզի կարողանան տարանցիկ ուղիներ ապահովել. «Տարանցման տեսանկյունից Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու աշխատանքները պետք է ավարտին հասցնենք, երկաթգծի միջոցով պետք է ունենանք փոխկապակցված Պարսից ծոց-Սև ծով ուղղություն»,ասել է նա:

_Այսինքն՝ ըստ Ձեզ, խնդիրը միայն ֆինանսական միջոցների անբավարարությու՞նն է:

-Ցանկացած ծրագրի իրականացում ենթադրում է նախագիծ: Նախագիծը ներկայացվել է: Այդ ուղղությամբ տարվել են և տարվում են աշխատանքներ` համապատասխան միջոցներ գտնելու և այն իրականացնելու համար: Հայաստանի համար դա ունի և՛ տնտեսական, և՛  քաղաքական նշանակություն: Եթե չեմ սխալվում, երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է 3.5 միլիարդ դոլար, իսկ այդպիսի գումարի հայթայթումը և ներգրավումը իրոք բարդ և դժվարին գործ է: Անընդհատ բանակցություններ են ընթանում, նույնիսկ մի պահ խոսվում էր ծրագրին Չինաստանի մասնակցության մասին, բայց վերջնական համաձայնություն այդ ժամանակ այդպես էլ ձեռք չբերվեց:

_Երկաթուղու կառուցմամբ,  փաստորեն, Հայաստանը հնարավորություն ունի դուրս գալու Պարսից ծոց, Իրանն էլ՝ Հայաստանով դեպի Սև Ծով: Այսինքն երկուստեղ փոխշահավետ գործարք է: Իսկ Ռուսաստանի առկայությունը կարո՞ղ է խանգարող գործոն հանդիսանալ:

_Միանշանակ երկկողմ փոխշահավետ գործարք է  Հայաստանի և Իրանի համար, ինչով էլ պայմանավորված է կողմերի շահագրգռվածությունը և այդ թեման անընհատ երկկողմ հարաբերությունների օրակարգում պահելը: Ռուսաստանը չի կարող խոչընդոտող հանգամանք լինել այս դեպքում, և ասեմ, թե ինչու՞:

ԵՏՄ-Իրան սերտ համագործակցության մասին է խոսք գնացել ամբողջ 2016թ.-ի ընթացքում: Թե Ռուսաստանը, թե Իրանը շահագրգռված են այդ ձևաչափով համագործակցության առումով և Հայաստանը կարող է լինել հիանալի կապող օղակ Իրանը ԵՏՄ շուկայի հետ: Որպես Իրանի հետ կապող օղակ` Հայաստանը միայն կարող է նոր հնարավորություններ բացել ԵՏՄ-ի, մասնավորապես նաև հենց Ռուսաստանի համար: Հետևաբար Ռուսաստանը պետք է միայն շահագրգռված լինի երկաթուղու կառուցմամբ, այլ ոչ թե փորձի խանգարել:

_Վերջերս լուծարվեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը, ինչը շատ կառույցների ու պաշտոնյաների կողմից որակվեց որպես ծրագրից վերջնականապես հրաժարում: Արդարացվա՞ծ  է նման մոտեցումը:

_Չի կարող նշված ընկերության լուծարումը նշանակել ծրագրից վերջնական հրաժարում, եթե ՀՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասում է, որ նախարարության կազմում կա համապատասխան կառույց, որը զբաղվելու է այդ խնդրով:

 

Հարցազրույցը՝ 1lur.am-ի: 

 

 

ԱՎԵԼԻՆ