«Սոնայի հետ վերջին զուգերգիս նախապատմությունը երազն էր». Վահագ Ռաշ

ԵՐԵՎԱՆ: 13 հունվար- 1lur.am: Երկրպագուների բավականին մեծ բանակ ունեցող ռոք-երգիչ Վահագ Ռաշը ստեղծագործական նորություններ ունի. առաջիկայում երաժշտասերների դատին է հանձնելու իր նոր ձայնասկավառակը: Թե ինչպես գիշերային երազը դարձավ նոր զուգերգի դրդապատճառ, որոնք են երգչի ստեղծագործական ներշնչանքի աղբյուրները և առաջիկա ծրագրերը, բացահայտեք երգչի՝ 1lur.am-ին տված հարցազրույցում:

 

-Վահագ, Ձեր երկրպագուները սպասում են հերթական կատարմանը: Չե՞ք ցանկանում ստեղծագործական նորություններով ներկայանալ հանրությանը:

 –Նորություններ, իհարկե, ունեմ: Առաջիկայում կներկայացնեմ «Հայուհի գեղեցիկ» երգի նոր տարբերակը՝ իմ կողմից գործիքավորված, նաև հիմա զբաղված եմ ձայնասկավառակի հետ կապված ձայնագրություններով:

 –Կմանրամասնե՞ք , թե ինչպիսին է լինելու ձայնասկավառակը, երբ է տեղի ունենալու շնորհանդեսը:

 -Ձայնասկավառակում ընդգրկված կլինեն բոլոր այն երգերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է ինձ և երկու երգ՝ նոր տարբերակով գործիքավորած: Ձայնասկավառակի շնորհանդեսը, հավանաբար, տեղի կունենա մինչև գարնան վերջ և կլինի համերգի տեսքով: Քանի որ նորից ձայնագրում և լավացնում ենք գործիքավորման որակը, յուրաքանչյուր երգի վրա կատարվում է առանձին աշխատանք որակյալ հնչողություն ստանալու համար: Ձայնասկավառկիս վերնագիրը դեռ չեմ որոշել:

Դուք վերջերս Սոնա Ռուբենյանի հետ երկու զուգերգ ներկայացրիք: Կպատմե՞ք, թե որտեղից ծնվեց հենց նրա հետ համագործակցելու գաղափարը:

Առաջին երգը, որը կատարեցինք, «Համբույրի մը մեջն» էր, որը ունեի ձայնագրած միայն իմ կատարմամբ: Քանի որ երգը շատ լավ արձագանք ստացավ, որոշել էի նորից գործիքավորել, ավելի պրոֆեսիոնալ: Որոշեցի, որ պիտի դուետի տեսքով լինի: Իմ լավ ընկերներից Շուշան Մելիքսեթյանը օգնեց այդ հարցում. խորհուրդ տվեց Սոնայի հետ երգել, ես էլ, վստահելով նրա երաժշտական ճաշակին, համաձայնեցի: Նա խոսեց Սոնայի հետ, հանդիպեցինք և սկսեցինք աշխատել, երգը ձայնագրեցինք և հանձնեցինք հանդիսատեսի դատին: Երկրորդ երգը՝ «Պար պսակի»-ն ձայնագրելու առաջարկը արդեն ստացանք Անահիտ Բախշանի կողմից:

 -Իսկ տիկին Բախշյանի կողմից առաջարկն ինչո՞վ էր պայմանավորված:

 –Բավական հետաքրքիր պատմություն է: Նրա մայրը երազին եկել էր և ասել, որ իր կողմից երգած երգերից մեկը (որի հեղինակը հայտնի չէ), կկորի, թող Գոհար Գասպարյանը երգի: Դե, բնականաբար, չէր ստացվել Գոհարի երգելը, և այդպես մնացել էր պատգամը: Մեր երգը լսելով՝ տիկին Անահիտը հասկացել էր, որ հենց մենք պետք է կատարենք այդ երգը: Առաջարկեց, շատ հավանեցինք: Ես գործիքավորեցի, Սոնայի մայրը բառերը ավելացրեց, և ունեցանք մի հիանալի երգ, որը կոչվեց «Պար պսակի»:

 Դուք երգել եք Չարենց, ՄեծարենցԱռհասարակ, երաժշտության մեջ ունե՞ք կողմնորոշում դեպի գրականությունը, թե՞ բախտի բերմամբ է այդպես ստացվել:

– Սկզբում այդպիսի նպատակ չունեի, հետո ինքնըստինքյան ստացվեց: Հեղինակների ընտրության մեջ որևէ խորհուրդ չկա, ուղղակի գործերը ոգեշնչել են ինձ: Երգել եմ Չարենց, Մեծարենց, Կապուտիկյան, Սևակ, Շիրազ, Տերյան, Սահյան: Եթե մնացած բանաստեղծներից էլ հոգուս հարազատ գործեր լինեն, անպայման երգ կդառնան:

 

Հարցազրույցը՝ 1lur.am-ի:

ԱՎԵԼԻՆ