Հայաստանում ու Բելառուսում գործող բնական գազերի սակագների համեմատություն

Օրերս Բելառուսը հայտարարեց, որ մտադիր է ռուսական նավթի տարանցման սակագինը 21․5 տոկոսով բարձրացնել ։ Սա իհարկե բավականին տհաճ նորություն է ռուսական կողմի համար։ Բայց միանգամայն կանխատեսելի՝ հաշվի առնելով ներմուծվող ռուսական բնական գազի գների նվազեցմանը հասնելու բելառուսական կողմի մշտական փորձերը։ Հանուն արդարության նշենք, որ անցյալում նման փորձերը հաճախ արդյունավետ են եղել։ Շատ փորձագետներ համարում են, որ այս անգամ էլ Բելառուսի նպատակն է հասնել նրան, որ  Ռուսաստանը հերթական անգամ  նվազեցնի  բնական գազի գները։

Բելառուսի համար ռուսական գազի գինը հունվար- հոկտեմբեր  ամիսներին կազմել է 137 դոլար հազար խորանարդ մետրի համար։ Հայաստանի մաքսատան տվյալներով, ռուսական բնական գազը առաջին կիսամյակին մեր երկիր մատակարարել են հազար խորանարդ մետրի համար 160 դոլարով։ Բելառուսից մեր տարբերությունն այն է, որ ռուսական գազը Հայաստան է մատակարարվում տարանցումով՝ երրորդ երկրի՝ Վրաստանի տարածքով։ Վերջինս այս ծառայության համար ստանում է մեր երկիր ներմուծվող ռուսական գազի ծավալի 10 տոկոսը։ Բայց նույնիսկ այս գործոնը հաշվի առնելով՝ Հայաստանի համար ռուսական գազը այնուամենայնիվ ավելի թանկ է, քան Բելառուսի համար։ Սպառողների համար սակագների տարբերությունն ավելի մեծ է։

Նախ նշենք, որ Բելառուսում սպառողների համար  բնական գազի սակագինը տարբերակվում ոչ միայն սպառման ծավալով (ինչպես մեզ մոտ) , այլեւ այլ նշաններով։ Եվ այսպես, հաշվի է առնվում սեզոնը  (ջեռուցման կամ ամառային), գազի ծախսի անհատական հաշվարկի սարքերի առկայությունը կամ բացակայությունը։ Սպառողի համար կարեւոր է հատկապես այն, որ ջեռուցման ժամանակաշրջանում սակագինը 3․7 անգամ էժան է, քան ամռանը։

Եվ այսպես նոյեմբերի 28-ին գրանցված արժույթի փոխարժեքով, Բելառուսում ամառային սակագինը կազմում էր 14․5 ցենտ, իսկ ձմեռային սակագինը ․․․ մեկ խորանարդ մետրի դիմաց 4 ցենտից էլ քիչ։ Հայաստանում բնակչության համար  (այսինքն ամսական 10 հազար խոնարարդ մետրից քիչ գործածողների համար) սակագինը գերազանցում է խորանարդ մետրի դիմաց 30 ցենտը։ Ընդ որում անկախ նրանից, ձմեռ է թե ամառ։ Նույնիսկ հաշվի առնելով ազգային արժույթների փոխարժեքներում որոշակի սուբյեկտիվիզմը՝ սակագների տարբերությունը զգալի է։

Ինչպես նշեցինք վերեւում՝ Բելառուսը ձեռնարկել է ներմուծվող ռուսական բնական գազի գների նվազեցման հերթական փորձը։ Չնայած երկրի ներսում սակագները համեմատաբար ցածր են։ Իսկ մեր երկրում, եթե նույնիսկ նկատվում են սպառողներին նկատմամբ զիջումներ, ապա միայն սոցիալապես անապահովների հանդեպ։ Այսինքն այն ընտանիքների, որոնց պաշտոնապես համարում են այդպիսին։ 2017-ի հունվարի 1-ից սկսած՝ նրանց համար սակագինը կկազմի մոտ 21 ցենտ՝  տարեկան 600 խորանարդ մետրից քիչ  սպառման դեպքում։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ սակագինն էլ է  զգալիորեն գերազանցում  բելառուսական սակագնի մակարդակը։

ԱՎԵԼԻՆ