Մասնագետները քննարկում են արեւմտահայերենի զարգացմանն ու պահպանմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցը

«Արեւմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» համաժողովը համախմբել է  լեզվագետների, հայագետների, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` քննարկելու հայաստանյան կրթական համակարգում արեւմտահայերենի դերին  եւ ընդհանուր վիճակին, գրականության, գիտահետազոտության, համացանցի եւ լրատվական դաշտում դաշտում արեւմտահայերենի հետագա գործածմանն, ինչպես նաեւ պահպանմանը եւ զարգացմանն առնչվող հարցեր:

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Պալխեանն իր խոսքում կարեւորեց արեւմտահայերենի պահպանման եւ զարգացման հարցում ուղղորդված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

«Վերջին տարիներին սիրիահայերի՝ արևմտահայ մշակույթը կրողների տեղափոխությամբ հայրենիք ստեղծված է առարկայական հարթակ, որը նպաստում է արևմտահայերենի զորեղացմանը Հայաստանում։ Դա համախմբում է ու ստիպում, որ  օր առաջ քայլեր ձեռնարկվեն աշխարհի վտանգված լեզուներից մեկը  համարված արևմտահայերենի պահպանման, տարածման և գործածման համար»,- ասաց նա։

Հայաստանի գրողների միության առաջին քարտուղար Պետրոս Դեմիրճյանը շեշտեց, որ արեւմտահայերենի խնդիրը կրթության մեջ է եւ պետք է ուսուցումը սկսել նախակրթարանից, միջնակարգ դպրոցում սկսելն արդեն ուշ է: 

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ ընդգծեց, որ   արեւմտահայերենը պետական լեզու է եւ պետական լեզվի բոլոր իրավունքները  պետք է ունենա:

«Ամբողջ ազգով պետք է մասնակից լինենք այդ գործին»,-ասաց նա:

 

ԱՎԵԼԻՆ