Երիտասարդ բժիշկների ազգային խորհուրդը նոյեմբերի 26-ին իր արտագնա նիստն անցկացրեց Շիրակում: Գյումրու «Բժշկական կենտրոն»-ում անցկացված նիստի ժամանակ քննարկվեցին խորհրդի գործունեության հետագա ծրագրերի հետ կապված հարցերը, այդ թվում՝ Վարդենիս ԲԿ-ում առաջիկայում կազմակերպվելիք «Բաց դռների օր» միջոցառման վերաբերյալ: Ինչպես արտագնա նիստի ժամանակ տեղեկացրեց Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը, կան համընդհանուր շատ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, իսկ մարզերում այդ խնդիրներն առավել քան ակնհայտ են: Երիտասարդ բժիշկներից շատ քչերն են գնում մարզային հիվանդանոցներ աշխատելու, որովհետև ո՛չ աշխատավարձն է համարժեք, ո՛չ պայմանները, չկա նաև մասնագիտական աճի հնարավորություն: «Երիտասարդ բժիշկներին անհրաժեշտ է պահել և փայփայել ու պայմաններ ստեղծել, որ աշխատեն տեղում՝ մտածելով նաև նրանց մասնագիտական վերապատրաստման մասին»-նշեց Նարեկ Վանեսյանը՝ կարևորելով Գյումրի բժշկական կենտրոնի կողմից երիտասարդ կադրերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը. կենտրոնը պարբերաբար համալրվում է երիտասարդ բժիշկներով՝ հնարավորություն տալով նրանց հաստատվելու:
Նորաստեղծ խորհուրդն իր աշխատանքներն ուղղելու է առողջապահական խնդիրների հաղթահարման մեխանիզմների լուծմանը: «Խորհրդի գործունեությունը միտված է երիտասարդ բժիշկների մասնագիտական աճին և նոր հնարավորությունների խթանմանը: Հաշվի առնելով այն, որ մենք առողջապահության և ներկան ենք, և ապագան, մեր նպատակն է առաջնային կետով աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը և վերհանել այն խնդիրները, որոնք չեն հասնում նախարարությանը և լինենք հետևողական այդ խնդրի լուծման համար, մյուս խնդիրը դա բժիշկի անպաշտպանվածությունն է՝ սատարել բժիշկին իրավական առումով»,-լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Նարեկ Վանեսյանը՝ հավելելով նաև բժշկական վերահսկողության անհրաժեշտությունը:
Արտագնա նիստի ժամանակ Գյումրու ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանին շնորհվեց խորհրդի Պատվավոր անդամի կոչում: