Անտեսված, չսպասարկվող 97 համայնք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի վերջին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման խնդիրներին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարեց մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել այդ հարցը՝ չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: 

Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ ներմարզային երթուղիների չսպասարկվելու պատճառները տարբեր են. անբարեկարգ գյուղական ճանապարհներ, սակավաթիվ բնակչություն, բնակության սեզոնայնություն:

«Այցելեցինք մարզեր, մարզպետների ու ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք առկա խնդիրները»,- նշեց նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:

Գեղարքունիքի մարզի չսպասարկվող 4 համայքներին բնորոշ է բնակության սեզոնայնությունը: Գյուղացիներն այս համայնքներում զբաղվում են անասնապահությամբ, տարվա 6-7 ամիսը բարձրանում են սար՝ անասուններին արածեցնելու, մնացած ամիսներին էլ անձնական մեքենաներով են հոգում իրենց կարիքները: 

Արմավիրի մարզի չսպասարկվող 6 համայնքներում գյուղական ճանապարհներն անբարեկարգ են, բայց ուղևորափոխադրող կազմակերպությունները հրաժարվում են երթուղիներից՝ պատճառաբանելով նաև սակավաթիվ ուղևորահոսքը:

Արարատի մարզի՝ երթուղիներում չընդգրկված 7 համայնքներում ևս պատճառները նմանատիպ են: Արարատի մարզի Ղուկասավան համայնքից պարբերաբար ստացվել են դիմում-բողոքներ:

Շիրակի մարզում տրանսպորտ չունեցող համայնքները 21-ն են: Ճանապարհներն այստեղ բարեկարգ են, սակայն ուղևորահոսքն է փոքր:

Տավուշի մարզում 32 չսպասարկվող համայնքներից 25-ը սահմանամերձ գյուղեր են։ Դրանք նույնպես սակավաթիվ բնակչություն ունեն և դուրս են մնացել սպասարկումից:

Նույն խնդիրը կա նաև Վայոց ձորի մարզի սահմանամերձ համայնքներում:

Նախարարությունն առաջարկում է հատուկ քաղաքականություն վարել այստեղ: «Սահմանամերձ համայնքները սպասարկող ուղևորափոխադրող ընկերությունները պետք է ընդհանրապես ազատվեն բոլոր տեսակի հարկերից ու տուրքերից»,- ասաց Արամ Արսենյանը:

Չսպասարկվող 97 համայնք երթուղային ցանցի մեջ ներառելու՝ նախարարության ծրագիրը պատրաստ է և ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը:

ԱՎԵԼԻՆ