Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մարտահրավերները

Դոնալդ Թրամփի հաղթանակն ընտրությունների ընթացքում շարունակում է թվալ անսպասելի անգամ իր աջակիցների համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Իր առաջին ելույթում Թրամփը միասնության և հաշտեցման կոչ է արել ամերիկացիներին:

«Ես ասում եմ՝ ժամանակն է, որ մենք բոլորս միավորվենք որպես մեկ ազգ»:

Սակայն Թրամփի հաղթանակից հետո սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք տարածվեցին երկրով մեկ արևմուտքում Օրեգոնից ու Կալիֆորնիայից մինչև Նյու Յորք և Մասաչուսեթս:

«Ես հիասթափված եմ, այս հաղթանակն ինձ վախեցնում է», ասում է ցուցարարներից մեկը:

Ընտրություններից հետո տեղի ունեցան նաև փոքրամասնությունների ու մահմեդականների ահաբեկման մի շարք դեպքեր, որի մասին հարց ուղղվեց Թրամփին CBS-ի “60 րոպե”-ին տրված վերջինիս հարցազրույցի ընթացքում:

«Ես շատ վշտացած եմ սույն առիթով և եթե դա կօգնի, ասում եմ դադարեցրե՛ք դա», ասել է Թրամփը:

Քաղաքական պառակտվածությունը մտահոգում է նաև նախագահ Բարաք Օբամային:

«Շատ կարևոր է հանրությանը միավորման ուղերձ հղել և փարատել փոքրամասնությունների, կանանց և այլ խմբերի մտահոգություններն այս քարոզարշավի ընթացքում հնչեցրածի վերաբերյալ», ասել է նախագահը:

Քաղաքական լարվածությունը շարունակվում է այն ժամանակ, երբ Թրամփը ձևավորում է իր վարչակազմը: Հայտնի է արդեն, որ հանրապետական կուսակցության նախագահ Ռայնս Փրիբուսը նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ Ստեֆան Բանոնը, ով հայտնի է որպես ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող լրագրող՝ գլխավոր քաղաքական խորհրդական:

Ըստ Ջոն Ֆորթիերի՝ վարչակազմի ձևավորումը Թրամփի առաջին քննությունն է:

«ԱՄՆ-ում կառավարության ձևավորումը հսկա գործընթաց է: Լինելով համակարգից դուրս՝ նա չունի ավանդական կապեր կամ այն մարդկանց անունները, ում հետ սովորաբար աշխատում է վարչակազմը»,- ասում է Ֆորթիերին:

Սակայն Մոլի Ռեյնոլդսի կարծիքով, Թրամփի կարողությունն ազգային միասնության ապահովման հարցում կապված է վերջինիս հնչեցրած գաղափարների հետ:

«Քարոզարշավի ընթացքում մենք բոլորս պատկերացում կազմեցինք Թրամփի մոտեցումների մասին, սակայն դրանից հետո մենք ականատես ենք մի փոքր ձևափոխված Թրամփի: Եվ այստեղ հարց է ծագում, թե արդյոք Թրամփի այս նոր մոտեցումները, որոնք ցանկալի էին, սակայն առկա չէին քարոզարշավի ընթացքում, կպահպանվեն նրա Սպիտակ տուն մուտք գործելուց հետո»,- ասում է Ռեյնոլդսը Բրուքինգսի հաստատությունից:

Մոտակա շաբաթների ընթացքում Թրամփը կհայտարարի իր վարչակազմի անդամների անունները, և կախված նրա ընտրությունից՝ պարզ կդառնա նրա հետագա քաղաքականության բնույթը:

ԱՎԵԼԻՆ