Դեսպան Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Մոնղոլիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը (նստավայրը՝ Պեկին) նոյեմբերի 16-ին իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի Նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժին։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությանը հաջորդել է Նախագահի և դեսպանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մոնղոլական կողմն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել նորագույն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։

Դեսպան Մանասարյանն առանձնազրույց է ունեցել նաև Մոնղոլիայի ԱԳ նախարար Ցենդ Մունխ-Օրգիլի հետ: Կողմերն ընդգծել են, որ խորհրդային տարիներին երկու երկրների միջև առկա է եղել համագործակցության բավական բարձր մակարդակ ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտներում, որոնցից արժանահիշատակ է հատկապես բազմաթիվ մոնղոլ ուսանողների ուսանումնառության փաստը Խորհրդային Հայաստանի ԲՈՒՀ-երում։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրներն այսօր էլ ունեն համագործակցության մեծ ներուժ՝ ընդգծելով վերջինիս լիարժեք կիրառման համար քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նախարար Մունխ-Օրգիլն ընդգծել է, որ Մոնղոլիան հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հարցում և ակնկալում է Հայաստանի աջակցությունը հարցի դրական լուծման գործում։

Նոյեմբերի 16-ի երեկոյան տեղի է ունեցել ընդունելություն` Մոնղոլիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման կապակցությամբ։

Նոյեմբերի 15-ին ՀՀ դեսպան Մանասարյանը հանդիպում էր ունեցել Մոնղոլիայի ԱԳ նախարարի տեղակալ տիկին Բատմունխ Բատցեցեգիի հետ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

 

ԱՎԵԼԻՆ