Ո՞վ է վճարելու գազի էժանացման համար

Գազի սակագնի իջեցման հանձնարարականը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ առայժմ ամենատեսանելի և շոշափելի քայլն է, որովհետև եթե գազն էժանանա, հենց հաջորդ ամիս քաղաքացիները գործնականում զգալու են դրական հետևանքը: Արդեն պարզ է, որ այդ խնդրում որոշակի հստակություն է լինելու առաջիկա տասից-տասնհինգ օրերի ընթացքում, թեև ակնհայտ է, որ գազն էժանանալու է սոցիալապես անապահով 120 հազար ընտանիքների, ինչպես նաև գյուղատնտեսական և ջերմոցային բիզնեսներով զբաղվողների համար:

Եթե հայտնի են կառավարության սոցիալական քաղաքականության հասցեատերերը և այստեղ  վիճարկելու հարց, կարծես թե, չկա, ապա՝ բաց է մնում սկզբունքային մի հարց՝ ո՞վ է վճարելու գազի էժանացման համար: Սա ոչ թե հռետորական, այլ խիստ սկզբունքային հարց է, որը թույլ կտա ավելի գլոբալ հարթության մեջ պատկերացնել կառավարության քաղաքականությունը, դրա հետևողականությունն ու սոցիալական հասցեականությունը:

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի 60 մլդ դրամ թերակատարում ունեցող բյուջեն կարող է գազի սակագնի նվազեցման աղբյուր լինել: Մեր բյուջեն նման սուբսիդավորման ներուժ չունի և ինչպես վարչապետն էր մեկ այլ առիթով ասել՝ «գրիժա» կստանա: Երկրորդ տարբերակն այն է, որ գազի էժանացումը տեղի ունենա Գազպրոմ Արմենիայի շահույթների հաշվին: Սակայն այստեղ կարևոր է, որ մեր կառավարությունը ոչ թե դիմի Գազպրոմի «բարեհոգությանն», այլ բարձրացնի Հայաստանի ներսում սակագնի գոյացման մեխանիզմի հարցը: Այն բավականաչափ կոռուպցիոն է՝ հնացած մեթոդոլոգիայով և չհիմնավորված թվերով: Ես համոզված եմ, որ անցած շաբաթ Երևան ժամանած Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերի առաջ այս հարցը չեն բարձրացրել, ո՛չ Սերժ Սարգսյանը, և ո՛չ էլ Կարեն Կարապետյանը: Նրանք հանդես են եկել խնդրատուի դերում, ակնկալելով, որ Գազպրոմը մի փոքր կէժանացնի գազի գինը՝ կամ ընկերության շահույթների, կամ էլ սահմանին գազի գնի նվազեցման շնորհիվ: Եթե Միլլերը Հայաստան է եկել, ուրեմն հայկական կողմի խնդրանքը բավարարված է: Այլ հարց է, որ Գազպրոմը բարեգործական հիմնարկ չէ և հատկապես ռուսական տնտեսության աննախադեպ ճգնաժամի պայմաններում հենց այնպես չի գնա իր հայաստանյան շահույթների կրճատմանը: Հատկապես՝ Պուտինը կամ Միլլերը հրաշալի հասկանում են, որ գազի գնի իջեցումը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է նախընտրական տրամաբանության մեջ: Ռուսները կօգնեն Սերժ Սարգսյանին՝ լուծել իր իշխանության երկարաձգման խնդիրը, սակայն դրա դիմաց, անշուշտ գին կուզեն՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման տեսքով: Անցած շաբաթ հենց այդ սակարկությունն էր Երևանում անում Ալեքսեյ Միլլերը, և ըստ ամենայնի՝ հաջող, որովհետև հենց այդ այցից հետո, Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վստահ հայտարարեցին, որ գազի սակագնի իջեցման հարցում հստակություն կլինի արդեն առաջիկա տասից-տասնհինգ օրվա ընթացքում:

«Էժան գազ» օպերացիան Հայաստանի իշխանության համար բացառապես նախընտրական հնարք է, մի քանի տասնյակ հազար քվե ստանալու ակնկալիքով: Եթե Հայաստանի կառավարությունը քաջություն ունենար գազի սակագնի հարցը դիտարկել ոչ թե ընտրական համատեքստում, այլ երկարաժամկետ կտրվածքով, ապա չէր նետվի «Գազպրոմի գիրկը» և լուրջ քննարկման առարկա կդարձներ սակագնային տարբերակված քաղաքականության ներդրումը, ինչի հետևանքով Հայաստանում կհաստատվեր տարբեր սակագների համակարգ՝ ըստ մարդկանց սոցիալական վիճակի և բիզնեսների հզորության: Մյուս կողմից, Հայաստանը Գազպրոմի առաջ հանդես կգար ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դիրքերից: Եթե «ռուսական հսկան» վերացնի իր հայաստանյան բիզնեսում առկա կոռուպցիոն մեխանզիմները, ինքնաբերաբար, գազի սակագինն իջնելու է: 

Սակայն սակագնային բազմաշերտ քաղաքականությունը և «Գազպրոմ Արմենիա»-ի հետ որակապես նոր հարաբերությունների կառուցումը ժամանակատար գործընթաց է: Դա հանգեցնելու է գազի սակագնի նվազմանը, ընդ որում՝ տնտեսության զարգացման և սոցիալական կայունության երաշխավորված մեխանիզմներով: 

Սակայն Հայաստանի իշխանությունները վերլուծությունների և լուրջ բանակցությունների ժամանակ չունեն. Էժան գազը նրանց համար ոչ տնտեսության զարգացում է, և ոչ էլ մարդկանց բարեկեցություն, այլ միայն ու բացառապես «կայուն մեծամասնություն» ձևավորող քվեներ:

 Աղբյուրը՝ Lurer.com

ԱՎԵԼԻՆ