Ընդդեմ արթրիտի ու արթրիտի մասին. Էկոսենս

Արթրիտի դեմ կանխարգելման միջազգային օրվան ընդառաջ, 1Lur.am-ի թղթակիցը հիվանդության, դրա ախտորոշման, կանխարգելման և այլ հարցերի շուրջ զրուցեց «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Բ․Գ․Թ Ինեսսա Նազարյանի և բժիշկ-ռևմատոլոգ Մ․ Հերացու անվան համալսարանի թերապիայի ամբիոնի դոցենտ, Բ․Գ․Թ. Վալենտինա Վարդանյանի հետ։

— Տիկին Վարդանյան, բնակչությունն ունի՞ անհրաժեշտ տեղեկացվածություն հիվանդության մասին։

— Շատերը, գալով ախտորոշիչ կենտրոն, գանգատվում են հոդացավերից, կամ խոսում այտուցվածության ու այլ խնդիրների մասին, չիմանալով գրեթե ոչինչ արթրիտ անունով հիվանդության մասին։ Իրականում ռևմատիկ ոչ բոլոր հվանդություններն են համարվում արթրիտ, կարելի է ասել, որ արթրիտը հիվանդության արդեն բարդացված տարբերակն է։Ամենակարևորն այստեղ ճիշտ ախտորոշում ստանալն է համապատասխան ստուգումներն անցնելուց հետո։

— Այս հիվանդությունն ինչպիսի՞ հետևանքներ կարող է առաջ բերել, եթե հիվանդն անհրաժեշտ բուժում չի ստանում այն բացահայտելուց հետո։

— Նախ ասեմ, որ մեզանում կա դիմելիության խնդիր։ Բնակչության մեծամասնությունը դիմում է միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն գլուխ է բարձրացրել ։ Արթրիտը ոչ միայն հետագա բազում հիվանդությունների պատճառ է հանդիսանում(օրինակ վասկուլիտի), այլև արդեն իսկ դրսևորվում է որևէ այլ հիվանդության տեսքով։

— Խնդրում եմ խոսեք անհրաժեշտ դեղորայքի մասին։ Մեր երկիրն ունի՞ բավարար դեղորայք հիվանդության բուժման համար, թե, այնուամենայնիվ, դրսից ներկրելն ավելի ձեռնտու է։

— Ուրախությամբ պիտի նշեմ, որ մեր երկրում կա այն անհրաժեշտ դեղորայքը, որով կարելի է հիվանդին դուրս բերել սուր վիճակից, դրանք հասանելի են ու էժան։ Բացի դրանից, կլինիկաներում հիմնականում նախնական ախտորոշման ժամանակ այդ դեղորայքը անվճարունակ հիվանդներին տրվում է անվճար։ Ինչ վերաբերվում է ներկրված միջոցներին, ապա ասեմ, որ կան բիոլոգիական հակառևմատիկ պրեպարատներ, որոնք շատ արդյունավետ են ու բավականին ուժեղ, քան սինթետիկները։ Խնդիրն այդ դեղորայքի թանկությունն է։ Այսինքն՝ բուժման միջոցը կա, բայց շատերին անհասանելի է։ Դա ոչ միայն հասարակության, այլև բժշկի ցավն է։

— Տիկին Նազարյան, բացի դեղորայքային խնդրից, ուրիշ ի՞նչ դժվարություններ կան։

— Ամենակարևոր խնդիրներից մեկը մասնագիտացված կադրերի բացակայությունն է։ Մեր ախտորոշիչ կենտրոնը հագեցած է նեղ մասնագիտացված ու բարձր որակավորումներ անցած բժիշկներով։Սա այն հիվանդություններից է, որոնց բուժման կամ կանխարգելման համար բժշկի ճիշտ ախտորոշումն ու խորհրդատվությունն ավելի կարևոր է, քան գերզարգացած սարքավորումների առկայությունը։ Ի ուրախություն մեր հասարակության ասեմ, որ հոկտեմբերի 12-ին, արթրիտի դեմ կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Էկոսենս ախտորոշիչ կենտրոնում հայտարարված է ակցիա, որի շրջանակներում բոլոր գրանցված հիվանդները կստանան բժիշկ-ռևմատոլոգի անվճար խորհրդատվություն։

1Lur.am

ԱՎԵԼԻՆ