ԵԽԽՎ-ն նրբորեն քննադատել է Ադրբեջանում անցկացված հանրաքվեն

Առաքելության գնահատամամբ՝ հանրաքվեի արդյունքներն արտահայտում են Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը…

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Նիկոլոսկին մամուլի ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:

contact.az-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ ներկայացուցիչը հայտարարել է, որ քվեարկությունը թափանցիկ էր եւ լավ էր կազմակերպված, այն խաղաղ ընթացք է ունեցել: Ձայները հաշվարկելիս լուրջ խախտումներ չեն նկատվել: Առաքելության գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքներն արտահայտում են Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը՝ «առաջընթաց քայլ կատարել երկրի կայուն, ամուր, անվտանգ, դեմոկրատական զարգացման եւ ավելի ամուր ու արդյունավետ համակարգերի ստեղծման ուղղությամբ»:

Դրան զուգահեռ՝ առաքելությունն ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների գնահատման համար չեն դիմել Վենետիկի հանձնաժողովին: Պատվիրակությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ուղղումներ կիրառելիս եւ իշխանությունների ճյուղերի ու խորհրդարանի դերի միջեւ հավասարակշռությունը պահպանելու համար հարգել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Նաեւ կոչ է արել երկխոսություն հաստատել ընդդիմադիրների հետ եւ ափսոսանք է հայտնել, որ հանրաքվեից առաջ նախնական բանավեճեր չեն կազմակերպվել: Ափսոսանք է հայտնել նաեւ հանրաքվեից առաջ մի շարք ակտիվիստների քրեական մեղադրանքներով ձերբակալությունների առիթով: Դրա հետ մեկտեղ առաքելությունը նշել է, որ իրավաբանական հարցերին միջամտելու մանդատ չունի:

Ինչպես նշել է Նիկոլոսկին, հանրաքվեից առաջ ուղղումների կողմնակիցներն ու ընդդիմախոսներն իրենց դիրքորոշումները հայտնելու հնարավորություն ունեցել են: Սակայն նա խուսափել է ուղղակիորեն պատասխաել այն հարցին, թե այդ հնարավորությունները որքանով էին համաչափ՝ նշելով, որ իրավասու է միայն բարձրաձայնելու պատվիրակության հայտարարությունը:

Նա նշել է, որ սա նախնական եզրակացություն է, իսկ վերջնական զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ-ում:

Turan-ի թղթակիցը փորձել է եւս մեկ հարց տալ, սակայն Նիկոլոսկին թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ ինքնաթիռից ուշանում է:

Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Ադրբեջանի պետական լեզվի հանդեպ եւ մամուլի հաղորդագրությունը տարածել է միայն անգլերենով:

ԱՎԵԼԻՆ