Հղիների համար մուլտիվիտամիններն ընդամենը փողի ավելորդ ծախս են, այդ պատճառով ուղղակի անիմաստ է գնել եւ խմել դրանք, պնդում են Royal College of Midwives-ի մասնագետները:
Նրանց խոսքով, հղի կանանց մեծամասնությանը նման վիտամիններ պետք չեն, որովհետեւ անհրաժեշտ սննդանյութերը եւ միկրոտարրերն ամենից հաճախ նրանք սննդի հետ են ստանում: Հետազոտողները պարզել են, որ վիտամինների ընդունումը չի վնասում, բայց դեպքերի մեծ մասում նաեւ չի բարելավում ապագա մայրերի եւ երեխաների առողջությունը: Սինթետիկ վիտամիններ ընդունելու փոխարեն ամենից ավելի լավ է ճիշտ սնվել` հետեւելով հավասարակշռված, առողջ սննդակարգի, ընդգծում են գիտնականները:
Ճիշտ է, գիտնականներն այնուամենայնիվ խորհուրդ են տալիս հղիության ընթացքում ֆոլաթթու եւ D վիտամին ընդունել: Ֆոլաթթվի ընդունումն օգնում է կանխարգելել զարգացող նորածնի մոտ որոշ արատներ, իսկ D վիտամինն անհրաժեշտ է ինչպես հղի կնոջ, այնպես էլն երեխայի ոսկրերի ամրացման համար:
Գիտնականների խոսքով, շատ կանայք մտածում են, թե ուղղակի պարտավոր են թանկ արժեցող մուլտիվիտամիններ գնել. նրանց կարծիքով, այդպիսով իրենք հոգատարություն են դրսեւորում ապագա երեխայի առողջության հանդեպ: Բայց ճշմարտությունն այն է, որ իրականում պտղին կարող է օգտակար լինել միայն մրգերով եւ բանջարեղենով հարուստ ճիշտ սնունդը, այդ պատճառով փողը, որը ծախսվել է վիտամիններ գնելու վրա, ավելի ճիշտ է ծախսել օգտակար սննդի վրա:
Գիտնականները նաեւ նշում են, որ հղիության ընթացքում պետք չէ նաեւ «երկուսի փոխարեն» ուտել. դա ընդամենը տարածված առասպել է: Ավելին, շատ հետազոտություններ ցույց են տվել, որ հղիության ընթացքում ավելորդ քաշ հավաքելը կարող է ընդամենը վնասել ինչպես կնոջը, այնպես էլ նրա երեխային: