Արբանյակների նկարահանումներն առայժմ չեն հաստատում EgyptAir-ի ինքնաթիռում պայթյունի վարկածը

Ամերիկյան արբանյակներից արված լուսանկարների վերլուծությունը դեռ չի հաստատում Միջերկրական ծովում անհետացած EgyptAir-ի օդանավի պայթյունի վարկածը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մի շարք գերատեսչություններում իր աղբյուրները։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ այդ եզրակացությունը արբանյակային լուսանկարների նախնական ուսումնասիրության արդյունք է։ Նրանց խոսքով՝ այս պահին ԱՄՆ իշխանությունները չեն բացառում ավիավթարի ոչ մի պատճառ, այդ թվում՝ մեխանիկական խոտանը, ահաբեկչությունը կամ անձնակազմի եւ օդաչուի դիտավորյալ արարքը։

Ավելի վաղ Եգիպտոսի քաղավիացիայի նախարարը հայտնել էր, որ ահաբեկչության հավանականությունն ավելի մեծ է, քան տեխնիկական անսարքության վարկածը։ Ընդ որում, նա նշել էր, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի այն մասին, որ EgyptAir-ի ուղեւորներից որեւէ մեկը կարող էր անվտանգության սպառնալիք լինել։

NBC հեռուստաընկերության տեղեկություններով՝ ամերիկյան հետախուզությունը, որը գաղտնալսում է տարբեր արմատական խմբավորումների խոսակցությունները, ավիավթարի նախօրեին ոչ մի արտասովոր բան չէր հաղորդել։ Որոշ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ օդանավը ռադարներից անհետանալուց առաջ 360 աստիճանով շրջվել էր։ Virgin Atlantic-ի նախկին ղեկավար Փոլ Չարլզը նշել էր, որ օդանավի նման պտույտը կարող է նշանակել, որ օդաչուի խցիկում միջադեպ է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող EgyptAir-ի A320 օդանավը մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրա՝ Եգիպտոսի տարածքում, անհետացել էր ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 66 ուղեւոր եւ անձնակազմի անդամ։

ԱՎԵԼԻՆ