Ստեփանակերտը Բաքվում ՄԱԿ-ի ֆորումի մասին. Ահաբեկչությանն աջակցելու ամենաստոր ձեւերից մեկը հանդուրժողական դիրքորոշում է

Ադրբեջանի գործողությունների նկատմամբ միջազգային համայնքի մի մասի հանդուրժողական դիրքորոշումը քաջալերում է ագրեսորին: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Մեկնաբանելով շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղյան բնակավայրերի մշտական հրետակոծությունները՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ մեծ հաշվով իրավիճակը հիմա քիչ է տարբերվում քառօրյա պատերազմից անմիջապես հետո ստեղծված իրավիճակից: Այդուհանդերձ, հավելել է ԼՂՀ նախագահի քարտուղարը, կան մի շարք միտումներ, որոնք Ադրբեջանին դրդում են խորացնել ահաբեկչական ու դիվերսիոն գործունեությունը:

«Նախ Թուրքիայի նախագահի Ադրբեջան կատարած այցը: Էրդողանը արմատական պանթուրքիզմի հայտնի ջատագով է: ԻՊ-ի հետ նրա կապերը նույնպես հայտնի են: Ըստ էության, ավագ եղբայրը կրտսեր եղբորը վստահեցրել է, որ կաջակցի նրան»,- նշել է Դավիդ Բաբայանը:

Նրա խոսքով, երկրորդ կարեւոր հանգամանքը Բաքվում ՄԱԿ –ի «Քաղաքակրությունների դաշինք» ֆորումի անցկացումն է: «Տխուր է արձանագրել, որ այդ ֆորումին մասնակցում էին մի շարք քաղաքական գործիչներ ու գիտնականներ, ժողովրդավարական երկրների ներկայացուցիչներ, որոնք ոչ միայն չեն հրաժարվել Բաքու գալուց, այլեւ իրենց ելույթներում դրական գնահատականներ են տվել»:

Ահաբեկչությանը աջակցելու ամենաստոր մեթոդներից մեկը ժողովրդավարական Եվրոպայի նմանատիպ հանդուրժողական դիրքորոշումն է: Բռնապետության հասցեին իրենց դրական գնահատականներով նրանք նպաստում են հանցագործություններին: Թող Լեռնային Ղարաբաղ գան ու իրենց աչքով համոզվեն թե ինչ հետեւանքներ ունի այն երկրի գործողությունները, ում իրենք գովում էին:

Ճշմարտությամբ ու արդարությամբ առաջնորդվելու փոխարեն նման գործիչները ստամոքսները լցնում են խավիարով, իսկ գրպանները՝ մանաթներով»,- ամփոփել է Դավիդ Բաբայանը:

ԱՎԵԼԻՆ