Պերմյակովը՝ Ավետիսյանների սպանության մասին. Չգիտեմ, այդպես ստացվեց

Վալերի Պերմյակովի՝ ռուսական կողմի իրականացրած հարցաքննությանը ծանոթանալուց հետո դատարանն անցել է հայկական կողմի հարցաքննությունների արձանագրությունների ուսումնասիրությանը:

2015թ. հունվարի 21-ի հարցաքննությանը նա նորից խոսել է զորամասը ինքնակամ լքելու դրդապատճառներից՝ նշելով, որ կարոտել էր իր տունը: Ավետիսյանների տուն ներթափանցելու եւ դրան հաջորդած դեպքերի նկարագրությունը համընկնում է նախորդ ցուցմունքների հետ:

Պերմյակովի խոսքով՝ ինքը պլանավորում էր տուն հասնել Թուրքիայով: Գումար էր հավաքելու կողոպուտի միջոցով: Նախկինի պես պնդում է, որ Ավետիսյանների տուն է մտել պատահաբար: Մտել է, որովհետեւ դարպասը բաց է եղել: Իր իսկ խոսքով՝ հայ-թուրքական սահմանին նույնպես պատահաբար է հայտնվել:

Նախքան Ավետիսյանների տուն մտնելը, Վալերի Պերմյակովը մոտ 2 ժամ պտտվել է քաղաքով: Հարցին, թե ինչու է սպանել, պատասխանել է. «Չգիտեմ, այդպես ստացվեց»: Սակայն հարցին, թե ուզում էր սպանել նրանց, թե ոչ, բացասական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ նորածնին սպանել է, որովհետեւ լացում էր:

Պերմյակովը պատմել է, որ երկու հոգու՝ տղամարդուն եւ կնոջը, սպանել է անկողնում: Երկրորդ տղամարդը փորձել է սենյակից դուրս գալ: Կնոջն ու երեխային նույնպես անկողնում է սպանել: Փոքրիկ աղջկան սպանել է մահճակալի մեջ:

Ավետիսյանների տուն մտնելուց առաջ փորձել է մտնել ուրիշ տներ, որպեսզի գումար եւ հագուստ վերցնի:

Նրա խոսքով՝ ինքն է ցանկացել ծառայել Հայաստանում, քանի որ, Չիտայի հետ համեմատած, կլիման ավելի մեղմ է: Հարցին, թե այլ նպատակներ չի՞ ունեցել, բացասական պատասխան է տվել: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նախքան բանակ զորակոչվելը բազմիցս բերման է ենթարկվել ոստիկանություն, մի քանի անգամ թմրանյութ է օգտագործել:

Նշվել է նաեւ զարմանալի դիպուկության փաստը. նրա գրեթե բոլոր փամփուշտները հասել են նպատակին: Պերմյակովի խոսքով՝ կրակել սովորել էր նախքան բանակ զորակոչվելը:

Դատարանում նաեւ ներկայացվել է Ավետիսյանների տանը նրա տեղաշարժի սխեման:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 22-ին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015թ. հունվարի 12-ին ռուսական ռազմաբազայի զինծառայող  Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ կրտսեր Հասմիկ Ավետիսյանին: Հետո սվին դանակով 5 հարված էր հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին: Երեխան 7 օր անց մահացել էր հիվանդանոցում:

ԱՎԵԼԻՆ