Սեւանա լճում ձկնաբուծության ներդրումային ծրագիրն ազատվեց մաքսատուրքերից

Սեւանա լճում ձկնաբուծության ներդրումային ծրագիրը, որը ներկայացրել է «Սեւան Ակվա» ընկերությունը, երեք տարով կազատվի մաքսատուրքերից: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ մարտի 24-ի իր նիստում: Մասնավորապես, արտոնությունը կտարածվի 1,1 մլրդ դրամի ընդհանուր արժեքով սարքերի ու նյութերի վրա:

«Սեւան Ակվան» Սեւանա լճում «իշխան» ձկների բուծմամբ զբաղվող ձեռնարկություն է: Ընկերությունը պետք է մանրաձուկ վերցնի «Սեւանի իշխան» ընկերությունից, բազմացնի եւ հետ վերադարձնի «Սեւանի իշխան»-ին, որն իր հերթին կվերամշակի եւ կիարացնի այն:
2016-ին Սեւանա լճի ափին մեկ ձկնաբուծարան է հիմնվել: Երեք տարի անց այն պետք է ունենա տարեկան 685 տոննա նախագծային հզորություն, որի եկամուտը կկազմի 2,4 մլրդ դրամ:

Պետական ծրագիրը նախատեսում է 10 տարվա ընթացքում (մինչեւ 2023թ) իշխանի արտադրությունը լճում հասցնել տարեկան 50 հազար տոննայի:

«Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սեւան Ակվա»-ն նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սեւանա լճում` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան  մշտապես սպառելու բարձրորակ եւ համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ներկայցրել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասանը:

Նախատեսվում է տարեկան արտադրել 2.22 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թվականին՝ 215 հազար դրամ, 2017թվականին՝ 213 եւ 2018 թվականին՝ 193 հազար դրամ:

ԱՎԵԼԻՆ