Սպասված կինոպրեմիերա. «Շերլոք. գարշելի հարսնացուն» կներկայացվի կինոսերներին

Հայ կինոսերները 2016 թվականի առաջին ամսվա ընթացքում կդիտեն արտասահմանյան արտադրության բազմաժանր և հետաքրքիր ֆիլմեր: Արձակուրդների ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնը հնարավորություն է ընձեռում մեծ էկրաններին դիտել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված կինոնկարները:

Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն` հունվարի 1-ից էկրաններին կհայտնվի Դենի Բոյլի  «Սթիվ Ջոբս»-ը:  Նա մեր ապագան հայտնագործել է իր ավտոտնակում:Այսօր նրա ստեղծած կայսրությունը գլխավորում է աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակը: Նա մեծն Սթիվ Ջոբսն է:

Աննա Մաթիսոնի «Ծիր կաթին»-ը նույնպես հնարավոր կլինի դիտել հունվարի 1-ից: Հերոսներ Անդրեյի և Նադիի ամուսնությունը կործանման եզրին է: Անդրեյը տեղափոխվում է ապրելու Մոսկվա, իսկ Նադին երեխաների հետ միասին մնուն է Իրկուտսկում: Ֆիլմում խաղում են Սերգեյ Բեզրուկովը, Մարինա Ալեքսանդրովնան:

Մանուկները նույն օրվանից կկարողանան դիտել  «Դյուցազնուհին» անիմացիոն մուլտֆիլմը, որի ռեժիսորն է Օլգա Լոպատոն:

2016-ի ամենասպասված «Շերլոք.գարշելի հարսնացուն» ֆիլմը հնարավոր կլինի դիտել հունվարի 4-ին և 5-ին` անգլերենով և ռուսերեն ենթագրերով: Արթուր Քոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված սերիալի նոր դրվագի գործողությունները կատարվում են ոչ թե մեր ժամանակներում, այլ 19-րդ դարում, այսինքն` սկզբնաղբյուրում նկարագրված ժամանակաշրջանում: Ֆիլմում խաղում են Բենեդիկտ Քամբերբեթչը, Մարտին Ֆրիմենը:

Մարկ Ֆուսկոյի «Իմ քեռի Ռաֆայելը» ֆիլմը հայերեն թարգմանությամբ հնարավորել է դիտել հունվարի 6-ից:  Հուսահատ հեռուստատեսային պրոդյուսերը համոզում է 71-ամյա հայազգի տղամարդու դառնալ ռեալիթի շոուի աստղ:

Ամենասպասված ֆիլմերից մեկը` Ալեխանդրո Գ. Ինյարիտուի «Փրկվածը»-ը մեծ էկրաններին կհայտնվի հունվարի 7-ից: Որսորդ Հյու Գլասը ամերիկյան վայրի արևմուտքի անհայտ տարածքներում ծանր վիրավորվում է: Հյուի ընկերը դավաճանաբար նրան թողնում է մահանալու միայնության մեջ`լքելով նրան: Ֆիլմում խաղում են Լեոնարդո Դիկապրիոն, Թոմ Հարդին:

Ընտանեկան «Էլվինը և բուրունդուկները 4» կինոնկարը հնարավոր կլինի դիտել հունվարի 14-ից: Իրենց ընտանիքը պահպանելու համար Բուրունդուկները պատրաստ են ամեն ինչի, անգամ Ամերիկայով մեկ բուրունդուկային մեծ արկածների:

«Կրիդ. Ռոքիի ժառանգը» ֆիլմը հասանելի կլինի հունվարի 14-ից: Ուշադրության կենտրոնում Ապոլո Կրիդի որդին է, որի հայրը ռինգում եղել է Ռոքիի ամենամեծ հակառակորդը, բայց որից հետո դարձել է նրա լավագույն ընկերը: Դերերում` Մայքլ Բ. Ջորդան, Սիլվեստր Ստալոնե:

Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ «Ջոյ» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հունվարի 21-ից: Կինոնկարի հիմքում միայնակ մայր Ջոյ Մանգանոյի պատմությունն է:

Ռոբերտ դե Նիրոյի և Զաք Էֆրոնի մասնակցությամբ «Թեթևաբարո պապիկը» ուրախ կատակերգությունը մեծ էկրաններին կլինի հունվարի 21-ից: Պապիկի հետ անցկացրած արձակուրդներն ամբողջությամբ կփոխեն Ջեյսոնի կյանքը:

«Քունգ-Ֆու պանդա 3»-ը հնարավոր կլինի դիտել հունվարի 28-ից:  Պոն, վերամիավորվելով վաղուց կորցրած հոր հետ, ուղևորվում է  պանդաների գաղտնի դրախտը, որտեղ նա հանդիպում է իր հարազատներին: Սակայն շուտով չարագործ Կայը սկսում է Չինաստանի ողջ տարածքում բնակվող քունգ-ֆու վարպետների ոչնչացման ծրագիրը:

Թոմ Հուփերի «Դանիացի աղջիկը» նույնպես հունվարի 28-ից կլինի մեծ էկրաններին: Ֆիլմը պատմում է առաջին մարդու մասին, ով ենթարկվել է սեռափոխության վիրահատության:

ԱՎԵԼԻՆ