Ամանորի նախաշեմին առեւտրում իրարանցումն աճում է, եւ միաժամանակ նվազում է գնորդների զգոնությունը: Եվ շատ իզուր. նախատոնական առեւտուրը դժբախտ առեւտրականների համար իսկական ոսկե ջիղ է:
Ընդհանուր առմամբ որքա՞ն վնաս է հասցվում գնորդին սովորական օրերին: Ռուսաստանի սպառողների միության մշտադիտարկման տեղեկություններով՝ խաբեությունների պատճառով շարքային գնորդը կորցնում է ընտանեկան բյուջեի ծախսերի 15 տոկոսը: Թե մեզ մոտ որքան է կազմում այդ տոկոսը, Աստված գիտի: Սակայն դժվար թե քիչ լինի:
Գնորդներին խաբելու մեթոդները մշտապես կատարելագործվում են՝ գիտատեխնիկական առաջընթացին համահունչ: Սակայն հին ու փորձված մեթոդները պահպանվում են: Կշռում խաբելու տարբերակն այլեւս գերիշխող չէ գնորդներին խաբելու մեթոդների մեջ: Սակայն այն պահպանվում է անգամ «ճշգրիտ» կշեռքների դեպքում: Փորձառու ծրագրավորողը կարող է չնչին «ուղղումներ» մտցնել նման կշեռքների մեջ:
«Շուկայական հարաբերությունների» անցնելով՝ առեւտրականների համար իսկական երկրային դրախտ բացվեց իրենց ապրանքների վրա գին դնելու առումով: Առեւտրի ոլորտի մասնագետներից մեկի խոսքով՝ այդ հնարավորությունից օգտվում են գրեթե բոլոր օբյեկտները, այդ թվում՝ բակային փոքր խանութները:
Նրանց մեթոդը, չնայած ողջ պարզությանը, բավական արդյունավետ է: Օրերից մի օր այդ կրպակի տերը որոշում է մի ապրանքի գինը 5 կամ 10 դրամով բարձրացնել: Տարբերությունը «մեծ չէ», սակայն գնորդները շարունակում են օգտվել խանութի ծառայությունից, քանի որ այն տնից հեռու չէ:
Սուպերմարկետների ցանցում անվճար նվերների «ակցիաները» առաջ են բերում գնորդների կասկածը: Քաղաքացիներին կարելի է խորհուրդ տալ գնելուց առաջ ծանոթանալ այլ խանութներում նույն ապրանքի գներին: Չնայած բացառված չէ, որ այդ գինն ամենուր նույնն է:
Խոսակցություններ կան, որ սուպերմարկետներում անդորրագրերի հետ խարդախություններ են անում: Այսինքն՝ ընդհանուր գումարն ավելի շատ են տպում, քան ստացվում է առանձին ապրանքների գներն իրար գումարելիս: Հասկանալի է, որ դրամարկղերի մոտ հերթերի ժամանակ եւ մեծ քանակությամբ գնումներ կատարելիս դժվար է նկատել այդ խաբեությունը:
Եվ վերջում նշենք ավանդական եւ տասնամյակներով փորձված մի մեթոդ՝ «ձախ» ապրանքը: Առեւտրում այդ «ստվերը» անմիջականորեն չի հարվածում սպառողի շահերին: Իսկ ահա պետբյուջեի կորուստները բումերանգով վերադառնում են նրան: