2015-ը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր. Հովիկ Աբրահամյան

2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր եւ այդ գործընթացի  տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպանների, դեսպանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը եւ վեր հանել հնարավոր խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով: Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր եւ այդ գործընթացի  տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչեւ հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:

 Իր եւ դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար եւ բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ոլորտային նախարարությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպանի խոսքով՝ ընթացիկ տարին հագեցած էր ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար, որն առանձնացել է բարձրաստիճան փոխայցելություններով ու նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկով: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ բանակցությունները սկսվել են կառուցողական ու բարեկամական մթնոլոտում եւ արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության, նաեւ քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ: Պարոն Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին եւս կառանձնանա ԵՄ-ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ ու խորացմամբ:

 Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետագա բանակցություններին, դրանից բխող աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը, ինչպես նաեւ նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը եւ այլ հարցերի:

ԱՎԵԼԻՆ