Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների միջին ծավալը էապես կրճատվել է

Ռուսական կողմի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՊՀ երկրներ ֆիզիկական անձանց օգտին միջպետական գործողությունները (հայտնի որպես «տրանսֆերտներ»)  2015թ. 3-րդ եռամսյակում կազմել են 3.4 մլրդ դոլար եւ տարեկան հաշվարկով կրճատվել են մոտ 3 մլրդ դոլարով (46,4 տոկոս):

Տրանսֆերտների անկման բացարձակ ծավալով առաջատար է Ուզբեկստանը. տրանսֆերտների գումարը կրճատվել է մոտ 1.1 մլրդ դոլարով կամ 51.1 տոկոսով: Այս երկիրն ավանդաբար Ռուսաստանից կատարվող տրանսֆերտների ցուցանիշով ԱՊՀ անդամ պետությունների շարքում առաջատար դիրքերում է եղել (եւ շարունակում է մնալ): Անգամ այս հսկայական անկումից հետո «ռուսական» տրանսֆերտների քանակն ամեն դեպքում գերազանցում է 1 մլրդ դոլարը: Համեմատության  համար նշենք, որ Հայաստանի համար այդ ցուցանիշն «ընդամենը» 299 մլն դոլար է:

Ուզբեկստանից հետո գալիս է Տաջիկստանը (անկումը կազմել է 586 մլն դոլար կամ 43.0 տոկոս) եւ Ուկրաինան (344 մլն դոլար կամ 50.9 տոկոս): Նշենք, որ Տաջիկստանը անցյալ տարվա նման տրանսֆերտների բացարձակ քանակով ԱՊՀ երկրների թվում երկրորդն է: Իսկ ահա Ուկրաինան 3-րդ տեղից իջել է 4-րդ տեղ՝ զիջելով Ղրղզստանին: Անկասած այստեղ իր դերն է խաղացել նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը: Հայաստանը տրանսֆերտների անկման ցուցանիշով միջին հորիզոնականներ է զբաղեցնում: Անկումը կազմել է 206 մլն դոլար կամ 40.8 տոկոս:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում կա ԱՊՀ երկրներից ժամանած ներգաղթյալների յուրահատուկ «մասնագիտացում»: Օրինակ՝ Տաջիկստանից ժամանած գասթարբայթերները նախընտրում են շինարարության եւ բնակարանային-կոմունալ ծառայությունները: Ղրղզստանից ժամանած միգրանտները բնակարանային-կոմունալ ծառայություններից բացի աշխատանք են գտնում տրանսպորտի եւ առեւտրի ոլորտում: Մեր հայրենակիցները մեծամասամբ նախընտրում են շինարարությունն ու առեւտուրը, այսինքն՝ այն ճյուղերը, որոնք ներկայումս Ռուսաստանում ճգնաժամի մեջ են:

Դեպի Հայաստան «ռուսական» տրանսֆերտների միջին քանակը  2015թ. 3-րդ եռամսյակում կազմել է 227 դոլար, այդ թվում՝ ՌԴ ռեզիդենտներից՝  262 դոլար, իսկ ոչ ռեզիդենտներից՝ 201 դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշներն ավելի բարձր են եղել. 363 դոլար, 281 դոլար եւ 497 դոլար համապատասխանաբար: Ինչպես տեսնում ենք, հատկապես կտրուկ պակասել է ռեզիդենտ չհանդիսացող անձանց դրամական փոխանցումները: Այսինքն՝ այն մարդկանց, որոնք Ռուսաստան են մեկնել սեզոնային, ժամանակավոր աշխատանքի:

ԱՎԵԼԻՆ