Հայրավանքում Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն է բացվել

«Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում Գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման կենտրոն է հիմնել:

Նոր մասնագիտացված կենտրոնը համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին եւ գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին տրամադրելու է տեխնիկական եւ բիզնես օժանդակություն կենդանիների առողջության եւ անասնապահության հետ կապված հարցերում:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից« CARD հիմնադրամից եւ Հայրավանք համայնքից:

Նոր կենտրոնը գյուղատնտեսական բիզնեսի առաջավոր մեթոդների զարգացման եւ տարածման համար տարածաշրջանային հանգույց է լինելու: Այն զարգացնելու է տեղացի ֆերմերների հմտությունները եւ լավագույն փորձն է փոխանցելու բոլոր նրանց, ովքեր գյուղատնտեսական եւ անասնաբուժական, ինչպես նաեւ անասնաբուծական եւ անասնապահական ծառայություններ են տրամադրում: Կենտրոնը նպաստելու է նոր շուկայական կապերի զարգացմանը եւ աջակցելու է տարածաշրջանի ֆերմերներին ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում:

Կենտրոնում հայ եւ օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվելու են աշխատաժողովներ եւ վերապատրաստման դասընթացներ: Նախատեսվում է, որ այն կսպասարկի Գեղարքունիքի մարզի 10 համայնքների 2000-ից ավելի ֆերմերներին:

ԱՎԵԼԻՆ