Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր առաջին այցով ԱՄՆ է ժամանելու

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեքշաբթի սկսում է իր առաջին այցը ԱՄՆ: Նրա օդանավը, որը Կուբայից է ժամանելու, պետք է վայրէջք կատարի Վաշինգթոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազայում՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նրան դիմավորելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր կնոջ՝ Միշելի հետ: Սպիտակ տան ղեկավարը որոշել է հետեւել իր նախորդի՝ Ջորջ Բուշ կրտսերի օրինակին, որը նույնպես 2008 թ իր կնոջ ՝ Լորայի հետ միասին «Էնդրյուս» ավիաբազայում դիմավորել էր Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին:

Հաջորդ առավոտյան Սպիտակ տանը տեղի կունենա Վատիկանի առաջնորդ Ֆրանցիսկոսի ընդունելության պաշտոնական արարողությունը ու նրա առանձնազրույցը նախագահ Օբամայի հետ: Հետո Ֆրանցիսկոսը կառաջնորդի շքերթը, որը կազմակերպվելու է Վաշինգթոնի կենտրոնական բուլվարում՝ այսպես կոչված «Ազգային մոլում»: Ժամանակի առումով այն երկարատեւ չի լինի, բայց հավաքվածների քանակով, արդեն իսկ պարզ է, որ շատ բազմամարդ է լինելու:

Չորեքշաբթիի գլխավոր իրադարձությունն է լինելու կաթոլիկ եկեղեցու նոր սրբերից մեկի՝ Խունիպերո Սերայի սրբադասումը: Իսպանացի միապետն ապրել է 18 րդ դարում ու եղել է միսիոներ Կալիֆորնիայում: Դրանից առաջ Պապը կհասցնի նաեւ ամերիկյան եպիսկոպոսների հետ միասին մասնակցել կեսօրվա աղոթքին:

Հինգշաբթի առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ելույթ կունենա ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում ու կայցելի վաշինգթոնյան բարեգործական կազմակերպություններից մեկը, որից հետո կմեկնի Նյու Յորք:

ԱՎԵԼԻՆ