Ներառական կրթության հարցում բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների, որոնց զգալի մասը օբյեկտիվ են. Աշոտյան

Ներառականության հիմնական խնդիրը հանրային ընկալման մեջ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Հանրակրթության մեջ համընդհանուր ներառական կրթության անցման անհրաժեշտությունը, առկա խնդիրները եւ գործընթացները» թեմայով ընդլայնված նիստի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

ՆԻստին մասնակցել են հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, միաջազգային կառույցների ու շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում նախարարը, ընդգծելով, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2014 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխությամբ մեր պետությունը հանրակրթության ոլորտում անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության համակարգի, նշել է, որ ներառականությունը բարի հասարակություն կառուցելու բացառիկ հնարավորություն է:

«Կրթությունն է այն միջոցը, որով կարելի է լուծել կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների խնդիրը: Մեր խնդիրն է` կրթության միջոցով հասարակությանը վերադարձնել իր բոլոր պոտենցիալ անդամներին՝ բոլոր նրանց, ովքեր ինչ-ինչ խնդիրների պատճառով դարձել են հասարակությունից զատված անդամներ: Այս ուղղությամբ թեեւ օրենսդրական մակարդակում կատարվել է հսկայածավալ աշխատանք, սակայն գաղտնիք չէ, նաեւ, որ այս գործում մենք բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների, որոնց զգալի մասը օբյեկտիվ են: Համընդհանուր ներառականության երազանքը, որը դրել ենք մենք մեր առջեւ, նախ եւ առաջ հարուստ երկրների երազանք է: Մեզանից շատ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսների տիրապետող երկրներ կրթության ոլորտում համընդհանուր ներառականություն անցնելու համարձակություն չեն դրսեւորում: Հայաստանի համընդհանուր ներառականության անցում կատարելու փորձը բարձր է գնահատվել նաեւ արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային Միության երկրների շարքում:

Սակայն հիմնական խնդիրը նաեւ հանրային ընկալման մեջ է, ընդհանուր ներառականության հարցը մտածելակերպի խնդիր է ոչ միայն կրթության մասնագետների, այլեւ հասարակության շերտերի համար: Խորհրդային տարիներից ժառանգած արատավոր ավանդույթի ուժով մենք սովոր չենք եղել մեր միջավայրում նման երեխաների տեսնել: Մենք ջայլամային քաղաքականությամբ մտածել ենք, որ մեզ շրջապատում են միայն մեզ նման մարդիկ: Բայց բնությունն անողոք է գտնվել շատ մանուկների նկատմամբ: Ոչ մի երեխա մեղավոր չէ, որ ինքն ի ծնե կամ ձեռքբերովի որոշակի խնդիրներ է ունեցել: Հասարակության առաջնային պարտավորությունն է ընկալել այդպիսի երեխաներին, որպես հասարակության շարքային քաղաքացիներ, բառիս լայն իմաստով»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նախարարը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ մինչեւ 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները պետք է պատրաստ լինեն ներառական կրթության. «Կրթության ոլորտի բոլոր մասնագետները պարտավոր են այնպես անել, որ մեր երազանքն իրականություն դառնա: Շուրջ 180 դպրոցներում այսօր երեխաները ներառական կրթություն են ստանում, դրա շնորհիվ նրանք վերադարձվում են հասարակություն: Անելիքները շատ են, մենք ունենք գործողությունների ծրագիր, գիտենք, թե ինչ պետք է անենք ամեն տարի: Մեր բոլոր գործողությունները պետք է պայմանավորված լինեն երեխաների ամեն օրը պայծառացնելու տրամադրությամբ»,-շեշտել է Արմեն Աշոտյանը:

Սակայն նախարարը նաեւ հատուկ ընդգծել է, որ համընդհանուր ներառական համակարգի անցում կատարելու պարագայում մենք չենք կարող ամբողջությամբ հրաժարվել հատուկ դպրոցներից. «Այդ մասին պետք է ասել ազնվորեն: Կլինեն որոշակի առողջական` ծայրահեղ մտավոր, լսողական, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց համար պետք է ստեղծվեն լրացուցիչ կրթական ծառայությունների հնարավորություններ»,- ընդգծել է ՀՀ ԿԳ նախարարը:

Նիստի ժամանակ նշվել է, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցում կատարելու գործողությունների ծրագրով մինչեւ 2022 թվականը յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, իսկ Երեւան քաղաքում առնվազն 4 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Նախատեսվում է կիրառել երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ: Կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան հանրակրթական դպրոցում, տարածքային եւ հանրապետական կենտրոններում: ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվելու է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որոնց թիվը որոշվելու է տվյալ դպրոցներում սովորղների 10 տոկոսի հաշվարկով:

ԱՎԵԼԻՆ